Հաշվի առնելով վերջին իրադարձություններն Ուկրաինայում և նրա շուրջ՝ «Ինչո՞ւ Ամերիկան պետք է ուժեղացնի իր դերը ղարաբաղյան կարգավորման գործում» վերնագրով հոդվածում Սվանտե Քորնելը փորձում է համեմատել ղարաբաղյան հակամարտությունը Ղրիմի հակամարտության հետ, գրում են Քաղաքական զարգացման հետազոտական կենտրոնի (Երևան) փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը և Եվրասիական հետազոտությունների ու վերլուծության ինստիտուտի գործադիր տնօրեն (Վաշինգտոն) Արմեն Սահակյանը The Christian Science Monitor-ի համար գրված հոդվածում: Այս մասին գրում է ԻնոՊրեսան:
Ըստ հեղինակների, «համեմատություն անելու այս փորձը հաշվի չի առնում կարևոր պատմական, աշխարհագրական, իրավաբանական ու քաղաքական տարբերություններն երկու հակամարտությունների միջև»:
Մոսկվայի դերը սովորաբար գերագնահատվում է, կարծում են Խլղաթյանն ու Սահակյանը: «Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության ժողովրդի իր նախընտրած պետությունում ու հասարակությունում ապրելու անկեղծ ցանկությունը հաճախ անտեսվում է»,-ասվում է հոդվածում: Թեև Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունի խաղաղ գործընթացում, նրա դրդապատճառներն այդքան չարանենգ չեն եղել, որքան պատկերում է Քորնելը, գտնում են քաղաքագետները:
ԱՄՆ-ն ևս ակտիվ է եղել կարգավորման գործընթացում, նշում են հեղինակները: «Հատկանշական էին ԱՄՆ-ի կազմակերպած բանակցությունները Քի Ուեսթում 2001 թվականի ամռանը, երբ կողմերն առավելագույնս մոտեցան խաղաղ պայմանագրի կնքմանը հրադադարից հետո, որից 7 տարի էր անցել»:
«Մի շարք նպատակային քարոզչական ակցիաների միջոցով փորձեր էին ձեռնարկվում ներկայացնելու Ադրբեջանն որպես Արևմուտքի օրինակելի գործընկեր: Սակայն Ադրբեջանի հավատարմությունն արևմտյան միջազգային ապրելակերպին կասկածելի է, հատկապես երբ խոսք է գնում ժողովրդավարական նորմերի, օրինականության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին»,-ասվում է հոդվածում:
«Մեկ այլ գործոն, որը վիճարկում է ելակետային դրույթն այն մասին, որ Ադրբեջանն Արևմուտքի հուսալի դաշնակից է, սպառազինության վերջին խոշոր խմբաքանակն է, որ Ադրբեջանը գնեց ՌԴ-ից 4 մլրդ դոլարով»,-գրում են քաղաքագետները:
«Ավելին, երկրի աշխարհաքաղաքական նշանակությունն անհամաչափ ուռճացված է»,-գտնում են Խլղաթյանն ու Սահակյանը: Օրինակ, Ադրբեջանից Եվրոպա գազի առաքումն աննշան է ավելի լայն ֆոնի վրա, բավարարելով ԵՄ պահանջարկի միայն 2 տոկոսը, և չի կարող փոխարինել Ռուսաստանի առաքած գազի ծավալները:
«Որոշ իրադարձություններ, այդ թվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներումն ու կոչում շնորհելը նրան, հայկական մշակույթի հուշարձանների ոչնչացումն Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունն այն մասին թե «ողջ աշխարհի հայերը» Ադրբեջանի «թիվ մեկ թշնամիներն են», դիպուկահարների կողմից կանոնավոր դարձած գնդակոծությունները, այդ թվում խաղաղ բնակչության, և բազում այլ միջադեպեր, պատճաշ կերպով չեն դատապարտվում ԱՄՆ ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների կողմից»,-ասվում է հրապարակման մեջ:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիաում Ռամիլ Սաֆարով դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին: Ադրբեջանում Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:
Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:
ԱՄՆ-ն պետք է ակտիվ դերակատարություն ունենա կարգավորման գործում այլ պետությունների հետ միասին: Սակայն վերջնական կարգավորումը չի կարող դրսից պարտադրված լինել և պետք է ձեռք բերվի հակամարտության երեք կողմերի միջև բացառապես խաղաղ միջոցներով, եզրափակում են հոդվածի հեղինակները:
Սվանտե Քորնելն իր հոդվածում գրել էր, որ եթե Ղրիմը վերջինն է «սառեցված հակամարտություններից, ապա Լեռնային Ղարաբաղն առաջինն էր հետխորհրդային տարածքի՝ Հարավային Օսեթիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում, տարածքային վեճերի շարքում, ասվում է հոդվածում:
«Ինչպես և Ղրիմի դեպքում, ղարաբաղյան հակամարտության դեպքում ևս խնդիրը կապված է վիճահարույց պատմությամբ, հակասական կարգավիճակով ու հարևան երկրի հետ կապված բնակչության մեծամասնությամբ տարածքի հետ, գրում է Քորնելը:- Բայց, ինչպես և Ղրիմում, ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի սահմանափակվել միայն տեղի բնակչությամբ: Հակամարտությանը միշտ մասնակցել է երրորդ մասնակիցը՝ Մոսկվան, որն առաջին իսկ օրից առանցքային դեր ունեցավ հակամարտության արդյունքների որոշման մեջ: Մինչ օրս Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է կողմերի միջև կառավարվող անկայունության պահպանմանը. հակամարտությունն օգտագործվում է Հայաստանի վերահսկողությունն ամրապնդելու և արևմտամետ Ադրբեջանին թուլացնելու համար»,-նշում է նա:
Ըստ հեղինակի, հակամարտությունը «սառեցված» անվանելով, մենք անվտանգության կեղծ զգացողություն ենք ստեղծում. «Գնալով, պատահաբար կամ միտումնավոր հրահրված նոր պատերազմի ռիսկն աճում է: Ճիշտն ասած, այդ դիմակայությունը կարող է նոր Քաշմիրի կամ նոր պաղեստինա-իսրայելյան պատերազմի վերածվել «սառը խաղաղության» շրջաններով, որոնց պարբերաբար հաջորդում է իսկական պատերազմը: Այդ նոր պատերազմը հեռավոր մի ծայրամասում չի բռնկվի՝ ղարաբաղյան հակամարտությունը Եվրասիայի խաչմերուկում է, գերտերությունների սահմանին»,-գրում է գիտնականը: Դեռ 1992 թվականին ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը հակամարտության խաղաղ կարգավորման համար: Խմբի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այն գաղափարը, որ ավելի լավ է հետևել Մոսկվային, քան թույլ տալ նրան սաբոտաժի ենթարկել գործընթացը դրսից, հեղինակին սթափ է թվում: Սակայն Վաշինգտոնն այնուամենայնիվ պետք է փոխի մոտեցումը, պնդում է նա:
«Եթե ԱՄՆ-ն լրջորեն տրամադրվել է հակահարված տալ Պուտինին, ապա անգործությունն այստեղ անընդունելի է: Հասկանալի պատճառներով վարչակազմը դեռ կենտրոնացած է Ուկրաինայի վրա և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա: Սակայն ապագայում ԱՄՆ ջանքերի հզորացումը հակամարտության կարգավորման գործում կարևոր քայլ կլիներ ոչ միայն ամերիկյան շահերի պաշտպանության համար, այլ նաև, Պուտինին ստիպելու համար պաշտպանության անցնել: Դա հեշտ չի լինի, սակայն, չպատասխանելով մարտահրավերին, Ամերիկան թույլ կերևա, ինչը միայն ձեռնատու է Պուտինին»,-եզրափակել է Քորնելը: