21 հունիսի 2014 - 14:17 AMT
Նախորդ շաբաթ ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 700 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հակառակորդի դեմ մարտում զոհվել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը։

Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան (Արարատ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացել է1994 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

ՊՆ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի մահվան դեպքին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ նա մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Նախարարի խոսքով՝ հարուցվել է քրեական գործ. «Քննությունը կպարզի դեպքի հանգամանքները: Ամեն ինչ անում ենք, բայց այսօր զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել»,- հավելել է նախարարը: