23 հունիսի 2014 - 16:38 AMT
Պուտինը պատրաստ է օգնել խաղաղ լուծում գտնել ԼՂՀ հիմնահարցի համար

Հունիսի 23-ին կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը` կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։ Ռուսական կողմը հաստատել է խաղաղ լուծում գտնելու հարցում օժանդակելու պատրաստակամությունը:

Նույն օրը Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին` շեշտելով հակամարտության կարգավորման հարցում հետևողականության անհրաժեշտությունն ու նշելով, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի և ՀՀ նախագահների միջև անցյալ տարի ծագած ուղղակի երկխոսությունը լինի շարունակական:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ֆրանսիայի նախագահի գաղափարը՝ Փարիզում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, շատ հստակ էր, այդ թվում նաև իր բովանդակությամբ: Ըստ էության, Բաքվին դուր չի եկել այլ հստակությունը և այլ հստակության են սպասում»,- ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևան կատարած այցի ժամանակ հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Փարիզում կազմակերպել ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, սակայն Ադրբեջանի Ձեր գործընկերը կարծիք է հայտնել, որ իրենց այդ հանդիպման հետ կապված հստակություն է պետք, կասեք ի՞նչ հստակության մասին է խոսքը:

Մայիսին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց Ֆրանսիայում ընդունել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, վերջին շրջանում Բաքվի սրտով չէ համանախագահների առաջարկությունները, որոնք վերաբերում են նաև հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, դիպուկահարների հեռացմանը, միջադեպերի ուսումնասիրությունների մեխանիզմների ստեղծմանը, նաև այն հայտարարությունները, որոնք ձևավորված են մեկ միասնական փաթեթով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարությունների հիման վրա, գրում է Panorama.am-ը:

Նա հավելել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողից արված առաջարկություններին, որոնք ուղղված են բացառապես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլընտրանք ուղղակիորեն չկա:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ ՌԴ աջակցում է ցանկացած ճիգ, որը կբերի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորումը: Ըստ նրա, ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, այնքան գործընթացը մեծ թափ կստանա: