24 հունիսի 2014 - 10:47 AMT
Ներկայացուցիչների պալատի կոմիտեն քվեարկության կդնի Թուրքիայում քրիստոնյաների առգրավված գույքը վերադարձնելու հարցը

Հունիսի 26-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում քվեարկության կդրվի HR 4347 բանաձևը Թուրքիայում առգրավված քրիստոնեական գույքը վերադարձնելու մասին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Հունիսի 24-ին մենք կոչ ենք անում բոլորին հեռաձայնել կամ գրառում կատարել Facebook և Twitter-ում, հասցեագրված ձեր կոնգրեսականին և կոչ անել նրան քվեարկել HR 4347 բանաձևի օգտին»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է, որ օրենսդիրները պետք է իմանան սեփական ընտրողների աջակցության մասին: «Ծախսեք 2 րոպե պատմելու համար ձեր ընկերներին ու ընտանիքին այն մասին, թե ինչու եք դուք սատարում քրիստոնեական եկեղեցիների վերադարձման բանաձևին»,-հավելել է նա:

Բանաձևը Կոնգրեսի օրակարգ են ներկայացրել Էդ Ռոյսն ու Էլիոտ Էնգելը: Այն պահանջում է Պետքարտուղարությունից ամեն տարի հաշվետու լինել Կոնգրեսի առջև այն մասին, թե արդյոք Թուրքիան պատրաստվում է վերադարձնել առգրավված գույքն ու ունեցվածքը ոչ միայն բուն երկրում, այլ նաև Կիպրոսի գրավյալ հատվածում: HR 4347 բանաձևը հենվում է նախկինում ընդունված H.Res.306 բանաձևի վրա՝ քրիստոնեական տաճարների պարտադիր վերադարձի մասին: Այդ բանաձևը հիմք հանդիսացավ HR4347 բանաձևի համար, որը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը կատարել միջազգային պարտավորությունները՝ վերադարձնել քրիստոնյաների գույքն ու հարգել քրիստոնյաների սեփական հավատքը դավանելու իրավունքը:

«Մենք երախտապարտ ենք նախագահ Ռոյսին ու կոնգրեսական Էնգելին կրոնի ազատության մասին օրինագծին աջակցելու համար և անհամբեր սպասում ենք, թե երբ է կոմիտեն քննարկելու ժամանակակից Թուրքիայում քրիստոնյաների իրավունքները պաշտպանող բանաձևը: «Մենք ուրախ ենք միանալու բոլոր հավատացյալներին դավանանքի ազատության հարցում, այդ թվում մեր կիպրոսցի, հույն, պոնտոսցի ու սիրիացի եղբայրներին ու քույրերին: Մենք նաև հորդորում ենք մեր բոլոր բարեկամներին, որ սատարեն օրենսդիրներին բանաձևը Կոմիտեում ու Պալատում առաջ մղելու գործում»,-ասել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը:

2011 թ. դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների կոմիտեում տեղի ունեցավ կրոնի ազատության հարցերի, մասնավորապես` «Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական ունեցվածքի վերադարձման մասին» բանաձևի վերաբերյալ քվեարկություն:

2011թ. հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիների վերադարձման օգտին (H.Res.306): Այս տարվա մարտին նմանատիպ բանաձև ընդունվեց հունական լոբբիի ճնշման տակ (H.Res.308):

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակագիր ստորագրեց 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին: Դեկրետի համաձայն, եկեղեցիներին հանձնվելու են նախկին հոսպիտալները, մանկատների շենքերը և դպրոցները: Կառավարությունը մտադիր է նաև հատուցում վճարել այն ունեցվածքի մասով, որը վաճառվել է: Վերադարձման ենթակա է նաև «Սուրբ Հարություն» հիմնադրամի ողջ ունեցվածքը:

Պատմական գրությունների համաձայն, ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործում էին ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչև 1915-ը, այսօր գործում է շուրջ 50-ը: