26 հունիսի 2014 - 12:55 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ հարաբերություններում «նոր դարաշրջանի» հո՞ւյս ունի

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հուսով է, թե Հայաստանն ու սփյուռքը «համարձակ քայլեր» կձեռնարկեն, ինչպես դա արեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ապրիլի 23-ին ցավակցություն հայտնելով «1915-ի իրադարձությունների կապակցությամբ»: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Turkish Policy Quarterly հանդեսում հրապարակված հոդվածում Դավութօղլուն գրել է, որ Էրդողանի հայտարարությունը պետք է հետագա քայլերի հիմք դառնա: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, դրանք պետք է լինեն կարծիքների ու հիշողությունների տեսքով, քանի որ դա ոչ միայն ցավակցություն է, այլև խաղաղության ազնիվ կոչ երկու կողմերին: «Թուրքիայի ու Հայաստանի միջև կսկսվի խաղաղության նոր դարաշրջան, եթե մտավորականներն ու հասարակական գործիչները հաղթահարեն տարաձայնություններն ու աշխատեն հանուն ընդհանուր հաշտեցման»,- ասել է Դավութօղլուն:

Ըստ նրա, «ընդհանուր հիշողությունը» չափազանց կարևոր է, որպեսզի երկու ժողովուրդները հասկանան, թե ինչ է կատարվել: «Հայերի համար 1915-ը բռնագաղթի տարի էր, որի ժամանակ շատ մարդիկ զոհվեցին: Մինչև 1915-ն ու դրանից հետո Անատոլիայի թուրքերի համար ևս ծանր ժամանակներ էին: Դա ընդհանուր ցավի ժամանակ էր»,- գրում է Դավութօղլուն՝ հիշեցնելով Բալկանյան պատերազմի, Չանաքքալեի ճակատամարտի ու Թուրքիայի անկախության համար պատերազմի մասին:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915-ի իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար:

Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»: