26 հունիսի 2014 - 17:32 AMT
Ադրբեջանում վարակիչ դարձած ռազմատենչ պոռոտախոսությունը ծիծաղելի է թվում անգամ իրենց

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի հայտարարությունն այն մասին, թե «եթե ուրիշ պետություն չմիջամատի, Ադրբեջանի բանակը 3 օրվա ընթացքում կարող է հասնել մինչև Երևան» ծիծաղելի դրության մեջ է դրել և իրեն, և իշխանությանը: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազագլիգ» թերթը:

«Նախ հարց է առաջանում, թե որն է Ղարաբաղի հակամարտությանը միջամտող ուրիշ պետությունը և ինչու Սիյավուշ Նովրուզովը քաջություն չի ցուցաբերում տալ այդ պետության անունը: Եթե քաջություն չունի, այդ ժամանակ ինչպե՞ս է Ադրբեջանը հզոր պետություն համարվում: Կամ էլ կարող է հարց ծագել, թե ինչ եղավ Ադրբեջանի իշխանության «նմանը չունեցող հեռատես արտաքին քաղաքականության հետ»: Ղարաբաղը ազատագրելու գործում ուրիշ պետության դեմ դուրս գա՞լն է այդ «հեռատես քաղաքականության» արդյունքը»,-հարցադրում է թերթը:

Հեղինակի կարծիքով՝ այդ մտքերն արտահայտելու ժամանակ Սիյավուշ Նովրուզովը չի մտածել, որ կարող են նման հարցեր ծագել:

«Վերջին 20 տարում երկիրը ղեկավարող այս իշխանությունը գոնե 20 մետր հող թող ազատագրի, որից հետո Սիյավուշ Նովրուզովը կարող է խոսել Երևան հասնելու մասին»,- գրում է թերթը, հայտնում է Panorama.am-ը:

Նախօրեին Հայաստանին հասցեագրված անթաքույց սպառնալիքներ հնչեցրեց Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Նա հայտարարեց, թե «ադրբեջանական ԶՈւ ի վիճակի են ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ կամ բնակավայր Հայաստանի տարածքում: Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները»: Ինչպես արդեն ասվել է, Օգտվելով իր անպատժելիությունից՝ Բաքուն ոչ միայն սպառնում է հայկական կողմին, այլ նաև մշտապես սադրանքների է դիմում ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Ղարաբաղի հետ շփման գծում: Ադրբեջանական դիվերսիաների հետևանքով մարդկային զոհեր են լինում:

Հունիսի 25-ին ադրբեջանական բանակը առավոտյան 10: 30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը: Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։ Գյուղապետ Արարատ Ավալյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին:

Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

Հունիսի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա էին կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ էր ունեցել՝ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը:

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

Հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Այսօր՝ հունիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Հանձնաժողովը նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ: