27 հունիսի 2014 - 14:10 AMT
Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ, որով նախատեսվում է անդամակցում ԵՄ ազատ առևտրի գոտուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ստորագրման նախօրեին Եվրամիության մամուլի ծառայությունը պարզաբանեց, որ համաձայնագրով նախատեսվում են համատեղ ընդունված առաջնայնություններ մինչև 2016 թ., որոնց նպատակն է նախապատրաստումը ասոցացման մասին պայմանագրի իրագործմանը, որը ներառում է նաև մասնակցությունն առևտրի ազատ գոտուն:

Մոլդովական կողմից ստորագրման արարողությանը մնասնակցել է վարչապետ Յուրի Լյանկեն: ԵՄ կողմից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Լյանկեն հայտարարել է նաև, որ համաձայնագրի ստորագրումը պատմական իրադարձություն է երկրի համար: «Այս օրը պատմական է Մոլդովայի համար: Մենք բարդ ճանապարհ ենք անցել տուն հասնելու համար»,-հայտարարել է Լյանկեն համաձայնագրի ստորագրումից առաջ:

Եվրաինտեգրման հստակ կուրսը Մոլդովան հռչակեց 2009 թ. ամռանը, երբ իշխանության եկան աջակողմյան ու ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք «Հանուն եվրաինտեգրման» միության անդամներ են: 2010 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում միությունը, ոչ առանց Եվրամիության պաշտոնյաների մասնակցության, վերակազմավորվեց «Եվրոպամետ կառավարման կոալիցիայի» (ԵԿԿ):

Մոլդովայի ու ԵՄ միջև բանակցություններ սկսվեցին վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: 2013 թ. նոյեմբերի վերջում Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Մոլդովան նախաստորագրեց ազատ առևտրի մասին պայմանագիրը, իսկ արդեն 2014-ի փետրվարին Եվրախորհրդարանը քվեարկեց Մոլդովայի քաղաքացիների համար Շենգենի գոտու երկրներ առանց մուտքի արտոնագրերի այցելությունների մասին 90 օր ժամկետով վեց ամսավա ընթացքում կենսաչափական անձնագրերով: Որոշումն ուժի մեջ մտավ ապրիլի 28-ին: Մոլդովայում միանշանակ չընդունվեց երկրի մերձեցումը Եվրամիության հետ: Ընթացիկ տարվա փետրվարին Գագաուզիայի ինքնավարությունում տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ քվեարկության մասնակիցների 98 տոկոսն արտահայտվեց Մաքսային միությանն անդամակցելու ու ՌԴ հետ մերձեցման օգտին: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ Մոլդովայի բնակիչների կեսը չի սատարում իշխանությունների եվրապական ինտեգրմանը: Հիմնականում սա կապված է տնտեսական ու սոցիալական ռիսկերի հետ: Մի շարք փորձագետներ նշում են, որ երկիրը կարող է բախվել տնտեսական դժվարությունների հետ արևելյան շուկայում: Մոլդովական ապրանքների սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է:

«Ասոցացման մասին համաձայնագրի կնքումն ազդարարում է Եվրոպային ինտեգրվելու նոր փուլի մեկնարկը, որը հետաքրքիր ու բարդ է լինելու և պահանջելու է ջանքեր, փոխգործակցություն և նվիրում բոլորից՝ կառավարությունից, քաղաքական ուժերից ու հանրությունից: Հուսով եմ, որ ձեր օգնությամբ ու աջակցությամբ մենք հաջողությամբ կանցնենք այդ ուղին: Ես հուսով եմ, որ շուտով Վրաստանը ևս կդառնա եվրոպական ընտանիքի՝ ԵՄ լիարժեք անդամ»,-ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանն առաջինը երեք երկրներից ստորագրեց համաձայնագիրը: Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրեց Ղարիբաշվիլին, Եվրահանձնաժողովի կողմից՝ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրամիության նախագահ Հերման վոն Ռոմպեյը, իսկ հետո Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները:

Ստորագրումից հետո համաձայնագիրն ուժի մեջ մտավ, այն պետք է վավերացնեն Վրաստանի խորհրդարանը, Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրների խորհրդարանները: Ասոցացման համաձայնագիրը, ուժի մեջ մտնելով, կփոխարինի 1996 թ. գործող համաձայնագիրը «Գործընկերության և գործակցության մասին» և նոր իրավական շրջանակ կստեղծի Վրաստանի ու ԵՄ համագործակցության համար:

Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսում է գործակցության ամրապնդում տարբեր ոլորտներում, ազգային օրենսդրության ներդաշնակեցում եվրոպականի հետ, երկրի մուտքը եվրոպական շուկա:

ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ հայտարարել էին, որ ԵՄ հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը կարող է վնասել ՌԴ տնտեսությանը և Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել իր շուկան եվրոպական ապրանքների մաքսազերծ մուտքից:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց Եվրամիության հետ համաձայնագրի տնտեսական մասը: Ստորագրեցին փաստաթուղթը ԵՄ կողմից Եվրահանձնաժողովի հանձնակատար Բարոզուն և Եվրախորհրդի ներկայացուցիչ Հերման վան Ռոմպեյը:

Ուկրաինան վաղուց է ձգտում ԵՄ, նախկինում ստորագրվել էր ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը: Մոսկվան բազմիցս է մտահոգություն հայտնել տնտեսական մասը ևս ստորագրելու Կիևի մտադրության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանգեցնել ապրանքների չվերահսկվող ներհոսքի: Ռուսաստանը զգուշացրել է, որ այդ դեպքում ստիպված կլինի պաշտպանել իր շուկան:

Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման մասին համաձայնագրի նպատակներից է Ուկրաինայի աստիճանական մերձեցումը Եվրամիության հետ ընդհանուր արժեքների հիման վրա, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացումը, արդարադատության ու անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացումը:

Առաջնային է տնտեսական բաղադրիչը: Հատուկ ուշադրություն է հատկացվում Ուկրաինա-ԵՄ ազատ առևտրի մասին գոտու դրույթներին, որը պետք է ապահովի աստիճանական ինտեգրումը ԵՄ ներքին շուկային: Նշված են նաև ԵՄ կողմից ֆինանսական օգնության հատկացման մեխանիզմներն ու ուղիները:

Համաձայնությունը 1000 ավելի էջ ունի, իսկ կառուցվածքով բաղկացած է նախաբանից, 7 մասից, 43 հավելումից ու 3 արձանագրությունից: Գերակա են համարվում համաձայնության տնտեսական ասպեկտները:

«Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու հաստատումն ասոցացման մասին համաձայնագրի շրջանակում ենթադրում է մաքսազերծ արտահանում ԵՄ երկրներ, սակյան կան որոշ խոչընդոտներ, գլխավորը, ապրանքների անհամապատասխանությունն է ԵՄ չափանիշներին, ուստի այդ ապրանքներն այնտեղ չեն առաքվի»,-կարծում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը և ՌԳԱ-ին կից Արտադրողական ուժերի ուսումնասիրման խորհրդի փոխտնօրեն Դմիտրի Միտյաևը:

Միևնույն ժամանակ ուկրաինացի գյուղարտադրողները կկորցնեն դիրքերը ռուսական, բելառուսական և ղազախական շուկաներում, ասել է ՌԳԱ Ժողովրդական տնտեսվարական կանխատեսման ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Շիրովը:

Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը այդ պետությունների ինքնիշխան իրավունքն է, բայց Ռուսաստանը պաշտպանական միջոցներ կձեռնարկի, եթե այդ փաստաթղթերի ազդեցությունը ՌԴ շուկայի վրա բացասական լինի, հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահն արդեն բազմիցս է հայտարարել, որ ամեն ինչ կախված կլինի փաստաթղթերի ուժի մեջ մտնելուց, վավերացումից ու իրագործումից: Հարցը փաստաթղթերը չեն, այլ հնարավոր բացասական ազդեցությունը մեր շուկայի վրա, և այդ դեպքում միջոցներ կձեռնարկվեն»,-ասել է Պեսկովը: Նա նշել է, որ «դա Ուկրաինայի ու Վրաստանի ինքնիշխան իրավունքն է»: