20 մայիսի 2006 - 15:34 AMT
Վարդան Օսկանյանը Նախիջեւանի հայկական գերեզմանատան ավերումը բարբարոսություն է անվանել
ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանի ժամանակ ելույթ ունեցած Հայաստանի արգործնախարար Վարդան Օսկանյանը անդրադարձավ նաեւ Նախիջեւանում հայկական պատմական հուշարձանների ոչնչացման հարցին: «Իհարկե, ցանկալի կլիներ, որ եւրոպական գաղափարներն ու իդեալները ինքնըստինքյան ընդունվեին անդամակցության հետ միաժամանակ: Եւ թերեւս այդ պարագայում ես այսoր այստեղ խորին ցավով չէի անդրադառնա Ադրբեջանի տարածքում հայկական միջնադարյան գերեզմանատան նպատակային ավերման հարցին»,- ասել է նա:

Նախարարը ընդգծեց, որ դարերի ընթացքում պահպանված հայկական խաչքարերը արդեն չկան, գերեզմանը ոչնչացվել է, եւ այդ տարածքը վերածվել ռազմական հրաձգարանի: «Այս բարբարոսությունը ակնհայտ փորձ է այդ տարածքում հայկական ներկայության հետքը ջնջելու»,- ասաց Վարդան Օսկանյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: