28 հունիսի 2014 - 13:57 AMT
ԵԱՀԿ ԽՎ նիստը Բաքվում. Հայկական պատվիրակության ղեկավարը կոչ է արել Ադրբեջանին բանակցել ԼՂՀ հետ

Բաքվում աշխատանքն է սկսել Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 23-րդ նստաշրջանը:

ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաքում է գտնվում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը:

Ելույթ ունենալով նստաշրջանում՝ Չերնոգորիայի խորհրդարանի խոսնակ Ռանկո Կրիվոկապիչը հայտարարել է, որ այսօր միջազգային հանրությունը պետք է միավորվի` հանգուցալուծելու տարբեր սուր քաղաքական հարցերը: «ԵԱՀԿ ԽՎ անդամ պետությունների քայլերը պետք է տանել դեպի արդյունավետ քննարկում և խնդիրների ու մարտահրավերների վերացում, որոնք ծառացել են միջազգային հանրության առջև: Հուսով եմ, որ ընդհանուր ջանքերը հաջող կլինեն»,-ասել է Կրիվոկապիչը:

Ըստ նրա, ԽՎ-ն ու ԵԱՀԿ-ն քայլեր են ձեռնարկում` օպտիմալացնելու միջազգային անվտանգության ու կայունության հաստատմանն ուղղված հավաքական ջանքերը: Կրիվոկապիչը նշել է, որ արդյունավետ գործակցություն է ծավալվել ԺՀՄԻԳ, ինչպես նաև` ԵԱՀԿ մյուս բաժանմունքների հետ:

Չերնոգորիայի խորհրդարանի խոսնակը ասել է նաև, մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում, որ խորհրդարանականներն ունակ են ներդրում ունենալու հակամարտությունների կարգավորման գործում: «Մենք կարող ենք ցույց տալ, որ ունակ ենք արդյունավետ բանակցություններ վարելու, խուսափելու առճակատումից»,-ասել է Կրիվոկապիչը, հայտնում է AZE.az-ը:

Ըստ «Թրենդ» գործակալության, «ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում Ռանկո Կրիվոկապիչն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը լավ է ծանոթ տարածաշրջանի խնդիրներին: Չնայած արդյունքների բացակայությանը ղարաբաղյան կարգավորման հարցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ավելի ակտիվ է, քան ԵԱՀԿ ԽՎ»,-ասել է Կրիվոկապիչը:

Ըստ նրա, ԵԱՀԿ ԽՎ դերը պետք է ավելի բարձր լինի:

Ըստ ԱՊԱ գործակալության հաղորդագրության, մշտական կոմիտեի նիստում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կոչ է արել Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր անդամներից Ադրբեջանը հենվում է ԱՄՆ վրա:

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը կշարունակվի մինչև հուլիսի 2-ը: Հունիսի 28-29-ին տեղի կունենան կոմիտեների նիստեր, հուլիսի 1-ին աշխատանքը կսկսի վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստը:

Սա հայկական արդեն 2-րդ պատվիրակության այցն է Բաքումեկ ամսում:ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հունիսի 15-ին մեկնել էին Բաքու` մասնակցելու հունիսի 16-18-ը կայանալիք Rose Roth սեմինարին: Ադրբեջանը ներկայացրել էր հայ պատգամավորների անվտանգության համար անհրաժեշտ համապատասխան երաշխիքները:

«Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով սեմինարին Ադրբեջանի ներկայացուցիչները սպառնացել են «պատժել» հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի հորը, վիրավորանքներ են հնչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ Հայաստանն անվանել են «ահաբեկչական պետություն»: Հայ պատվիրակներն իրենց հերթին հիշեցրել են սումգայիթյան ջարդերի մասին, բացահայտ մեղադրել են Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը սկսելու ու ռազմականացնելու մեջ:

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը մեղադրել է Ադրբեջանին 1988 թ. Սումգայիթում հայ բնակչության ջարդեր կազմակերպելու մեջ: ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանցիների ղեկավար Զիյաֆետ Ասկերովն էլ հանկարծ հայտարարել է, թե Ադրբեջանի զինդատախազությունը հետաքննում է ինչ-որ «արյունալի հանցագործություն» ադրբեջանցիների դեմ, որն, իբր գործել է Թևան Պողոսյանի հայրը Ղարաբաղում: Սումգայիթյան ջարդերի մասին Ասկերովն ասել է, թե այդ «իրադարձությունները հրահրել էր խորհրդային ՊԱԿ-ը» և «ձեր Գրիգորյանը»:

ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բացահայտ մեղադրել է Ադրբեջանին: Նա հայտարարել է, որ վերջին 7 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ՝ նշելով, որ դա իրական սպառնալիք է տարածաշրջանում: Նա պահանջել է ՆԱՏՕ ԽՎ-ից կոշտ արձագանք այդ կապակցությամբ: