28 հունիսի 2014 - 14:22 AMT
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լիբանանում կվերակառուցվեն ու կնորոգվեն հայկական հուշարձանները

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարել է երեք նախագծերի իրականացման մասին: Առաջին նախագիծը 1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ Լիբանանի Բիկֆայա քաղաքում կանգնեցված բրոնզե հուշակոթողի վերակառուցումն է: Մերձակա տարածքը կընդլայնվի, կկանգնեցվի նոր պատ ցեղասպանության իրագործման հսկայական քարտեզով, կլինի նաև փոքր մատուռ: Նորին սրբություն Արամ Առաջինը հրավիրում է հայ բարերարներին իրենց ավանդը ներդնել նախագծի իրագործման համար:

Կվերակառուցվի նաև Բիբլոսի «Թռչնի բույնը», որը պատմական հուշարձանների շարքին է դասվում: Նախկին որբանոցում թանգարան կգործի, որտեղ կներկայացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ընտանիքների անդամների ու ժառանգների փաստաթղթերը, լուսանկարները, անձնական իրերը:

Թանգարանում արդեն կան այն որբերի իրերը, որոնց ցեղասպանությունից հետո Լիբանան էին բերել դանիացի միսիոներները:

Եվ երրորդ նախագիծը նահատակների մատուռն է Անթիլիասում: Մատուռը կառուցվել է 1936 թվականին և ավելի ուշ վերանորոգվել է 1993 և 2007-ին: Այն ամբողջապես կվերակառուցվի 2015-ի աղոթքին նախապատրաստելու շրջանակում:

«Թռչնի բույնը» հայտնվեց շնորհիվ ազգությամբ դանիացի Մարիա Յակոբսենի բարեսիրական առաքելության: Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարեց բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները, Մարիա Յակոբսենը զրկվեց այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվեց որբահավաքությամբ։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։ 1928 թ. որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը։

Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում: Աշխատանքը շարունակեցին նար օգնականներն, իսկ 1970-ին «Թռչնի բույնն» իր հովանու տակ վերցրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: