30 հունիսի 2014 - 15:36 AMT
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրին Գերմանիայում թույլ չեն տվել այցելել հայկական եկեղեցի

Գերմանաբնակ հայերը հրաժարվել են հանդիպել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահ Քեմալ Ղըլիչդարօղլուի հետ, որը այցով գտնվում է Քյոլնում:

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահը Գերմանիա է այցելել ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուի օգտին ձայներ հավաքելու նպատակով: Նա այցելել է «Ալևիների միությունների դաշինք», հունական և ասորական եկեղեցիներ, ցանկություն է հայտնել հանդիպելու Գերմանիայի հայ համայնքի հետ: Սակայն հայ համայնքի հոգևոր առաջնորդը մերժել է Ղըլիչդարօղլուին: «Քեմալ Ղըլիչդարօղլուն դիմել էր հայկական եկեղեցի այցելելու ցանկությամբ: Սակայն նա Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ է, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, և մենք չենք կարող թույլ տալ նրան մտնել հայկական եկեղեցի»,-ասել է Գերմանիայի հայկական համայնքի հոգևոր առաջնորդը, գրում է Demokrat Haber-ը:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) Թուրքիայի Հանրապետության հնագույն քաղաքական կուսակցությունն է, որը ձախակենտրոն դիրքում է: Կուսակցությունը հիմնվել է Սիվասի կոնգրեսում որպես Անատոլիա Հունաստանի ներխուժմանը դիմադրող խմբերի միություն: 1923 թվականի սեպտեմբերի 9-ին Ժողովրդական կուսակցությունը պաշտոնապաես հռչակեց իրեն քաղաքական կազմակերպություն և 1923 թ. հոկտեմբերի 29-ին հռչակեց Թուրքական հանրապետություն: 1924 թվականի նոյեմբերի 10-ին կուսակցությունը վերանվանվեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության, իսկ մինչև 1950 թ. Թուրքիայում միակուսակցական համակարգ էր գործում: Կուսակցության հիմնադիրն է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

ԱԶԿ քաղաքականությանը ընդդիմադիր լինելով 2007թ. ընդհանուր ընտրություններին, կուսակցությունը կոալիցիա կազմեց Ժողովրդավարական ձախակողմյան կուսակցության հետ: Կոալիցիան ստացավ ընտրողների ձայների 20,8 տոկոսը, որի 112 անդամներ դարձան խորհրդարանի պատգամավորներ:

Կուսակցության բազմամյա առաջնորդ Դենիզ Բայկալը 2010թ. մայիսի 7-ին անսպասելի ստիպված եղավ հեռանալու պաշտոնից քաղաքական սկանդալի պատճառով, որն առաջացավ համացանցում նրա արժանապատվությունը ոտնահարող տեսահոլովակի պատճառով: 2010 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցած ԱԶԿ համազգային կոնգրեսում կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց Քեմալ Ղըլիչդարօղլուն:

2011 թ. հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել է 11 131 371 (25,91%) ձայն և 135 տեղ խորհրդարանում 550-ից (23 տեղով ավելի, քան նախորդ գումարման խորհրդարանում):

2011 թ., երբ Քեմալ Ղըլիչդարօղլուն ստանձնեց կուսակցության ղեկավարությունը, նրա ընդդիմադիրները փորձեցին բացասաբար ազդել նրա վարկանիշի վրա՝ վիրավորական ենթատեքստով հայտարարելով, թե նրա մայրը ծագումով հայ է: Milliyet թերթի հետ զրույցում ինքը Քեմալ Ղըլիչդարօղլուն նշեց, որ, հնարավոր է, որ իր մայրը հայ է: «Իմ ընտանիքի ազգային ինքնության մասին հարցը հակասում է մարդու իրավունքներին: Գուցե և մայրս հայ է»,-ասել էր Ղըլիչդարօղլուն: