1 հուլիսի 2014 - 15:49 AMT
Պուտինն ասում է` ՀՀ-ն ԵՏՄ-ին կմիանա ամենամոտ ապագայում. Քոչարյանը նույնպես կոնկրետ ժամկետ չի նշում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին արտգործնախարարությունում կայացած դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը։

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարարՇավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,-ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում:

Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ: «Ստորագրման ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել: Որոշվել է նախապատրաստել պայմանագիրը: Երեկ պայմանագիրն ուղղվեց միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը շատ խորն են ուսումնասիրվել, հուսով ենք, որ միջպետական համաձայնեցումը երկար չի տևի»,-ասել է Քոչարյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրման համար պատրաստ կլինի այս ամսվա վերջում: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն այժմ պետք է որոշեն ստորագրման վայրն ու ժամկետը»,- հունիսի 26-ին հայտարարել է ԵՏՄ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին:

Ավելի վաղ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծիք էին հայտնել, որ Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման ժամկետները հետաձգվում են:

Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չկարողացավ հստակ ասել, թե արդյոք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը: Նա նշել է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն: Նախարարը գերադասել է չբարձրաձայնել այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով անդամակցության հարցը հետաձգվում է:

Մինչ այդ, մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե կոնկրետ երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես խուսափել էր կոնկրետությունից՝ սահմանափակվելով միայն այն փաստի գրանցումով, որ ըստ ընդունված որոշման պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման համար մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:

«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները: