3 հուլիսի 2014 - 12:53 AMT
Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը դատապարտել է հակահայկական ցույցն ու Ցեղասպանության ժխտումը

Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը հուլիսի 2-ի նիստում ընդունել է բանաձև, որտեղ արտահայտված է խորհրդարանի դիրքորոշումը հունիսի 1-ին թուրքական կազմակերպությունների բողոքի ցույցի հանդեպ, որն ուղղված էր Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ: Այդ ցույցի ընթացքում հայ ժողովրդի հասցեին անարգալից, զրպարտական և վիրավորական արտահայտություններ են հնչել, կոպտորեն հերքվել է Հայոց ցեղասպանությունը: Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP), Ազատության համար կուսակցություն (PVV) և Քրիստոնյա դեմոկրատական կոչ (CDA) խմբակցությունների պատգամավորների ներկայացրած բանաձևը վկայակոչում է 1915-1918 թթ. Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների և պոնտացի հույների) գազանաբարո ջարդերը:

Այս տարի Նիդերլանդների Ալմելո քաղաքում հայկական եկեղեցուն կից` եկեղեցու սեփական հողամասում, կառուցվել է Մեծ Եղեռնին նվիրվածհուշահամալիր (16 թեք խաչքար շրջանաձև տեղադրված, մեջտեղում կլոր կրակաման շուրջ մեկ մետր շառավիղով): Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին:

Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներից մեկը, ծագումով թուրք, տեղեկանալով այս նոր կառույցի մասին, հրահրել էր թուրքերին, որ ցույց կազմակերպեն հուշարձանի բացման օրը, բողոքելով «ցեղասպանություն-գենոցիդ» բառի առկայության դեմ: Այդ ցույցը, որին մասնակցել են շուրջ 200 մարդ, տեղի է ունեցել ապրիլի 24-ին Ալմելոյի քաղաքապետարանի մոտ: Դրանով չբավարարվելով` Թուրքիայի հյուպատոսը ժողովել է բոլոր թուրքական կազմակերպությունները և հրահանգել, որ մեծ ցույց կազմակերպեն Ալմելոյում հունիսի 1-ին` քաղաքապետարանից պահանջելով ջնջել տալ «գենոցիդ» բառը:

Ցույցի ընթացքում ցուցարարները բղավել են լոզունգներ հայերի դեմ, ինչպես օրինակ «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը», հնչել է օսմանյան հաղթանակի քայլերգը, օսմանյան կարմիր տարազներով շեփորահարների կատարմամբ և այլն: Սակայն ընդհարումներ ցույցի ժամանակ չեն եղել:

Բանաձևը դատապարտում է ցեղասպանությունը ժխտողների բողոքի ցույցը և հայտնում, որ ընդունում է Հայոց ցեղասպանությունը` անդրադառնալով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևին: Սրանով մարզային խորհրդարանը հայերին ազդանշան է տալիս, որ զոհերի ոգեկոչման արժանի վայր ունենալու իրավունք ունեն:

2014 թ. հունիսի 1-ի թուրքական հանրահավաքի արտահայտությունների դեմ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբը) անցած շաբաթ գանգատ են ներկայացրել Նիդերլանդների իրավապահ մարմիններին:

Ալմելոյի եկեղեցական խորհուրդը հրատարակել է հայտարարություն` դատապարտելով ցույցը և պահանջելով ցեղասպանության հերքումը պատժել օրենքով:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կապվել է թե խորհրդարանի պատգամավորների և թե Ինտեգրացիայի և սոցապ նախարար Աշերի հետ` պահանջելով հետազոտություն կատարել թուրքերի նմանատիպ աշխատանքների մասին և կանխել ապագա ազգամիջյան անախորժությունները Թուրքիայից ներմուծված գաղափարախոսությամբ:

Հայկական կազմակերպությունները քննարում են դատարանին դիմելու նպատակահարմարությունը` թուրքերի կողմից ցեղասպանությունը ժխտելով հոլանդահայերին վիրավորանք հասցնելու համար: