4 հուլիսի 2014 - 12:17 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է. Հայ-թուրքական սահմանն աշնանը չի բացվելու (թարմացված)

Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Թուրքական լրատվականները, Taraf պարբերականին հղումով, գրում են, որ դա կլինի Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հերքել է սահմանը բացելու մասին լուրերը:Նշվում է, որ այդ մասին տեղեկությունները սխալ են, և շուտով ԱԳՆ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, գրում է APA գործակալությունը:

«Էրդողանի կողմից 2-րդ ժեստը Հայաստանին» հոդվածում նշվում է, առաջին քայլը ցավակցական ուղերձն էր.

«Հայկական սփյուռքը 2015-ին ընդառաջ լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում` աշխարհին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայկական կողմի նախաձեռնած արշավի ազդեցությունը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկեց: Որպես առաջին քայլ` տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետի հղած ցավակցական ուղերձը 1915-ին սպանված օսմանահպատակ հայերի թոռներին: Ընդ որում ցավակցական ուղերձը հրապարակվել էր նաև հայերեն»,- նշված է հոդվածում, գրում է Panorama.am-ը:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար»:

Ըստ հոդվածի հեղինակի, սահմանի բացումը կլինի երկրորդ քայլը.

«Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Տեղեկության կա այն մասին, որ վարչապետ Էրդողանի կողմից արդեն տրվել է հրահանգ ավարտին հասցնել Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները: Դրանք սկսվել էին դեռևս 2012 թվականից: Այդ ընթացքում դեպի Ալիջանի սահմանակետ ձգվող շուրջ 7կմ ճանապարհը հիմնանորոգվել և ասֆալտապատվել է: Անցակետը տեխնիկապես վերազինվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով (X Rayler): Թեև դեռ հստակեցված չի սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, բայց կուլսիներում խոսակցություններ կան, որ սեպտեմբերից հետո հավանաբար կբացվի»:

Հոդվածում նայ նշվում է, որ Հայ-թուրքական սահմանի բացման ցանկություն էր հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009-ին Անկարա կատարած այցի ժամանակ:

«Ակնկալվում է, որ սահմանի բացմամբ հարաբերությունները ոչ միայն Հայաստանի հետ կկարգավորվեն, այլև որոշակիորեն կբարելավվեն նաև Միացյալ Նահանգների հետ: Ալիջանի բացման դեպքում այն կլինի Թուրքիայի գործող 31-րդ սահմանային անցակետը: Ալիջանի դիմաց ՀՀ Արմավիրի մարզի Մարգարայի անցակետն է: Թուրքիայի կողմից սահմանի բացմանը կհետևի Հայաստանի պատասխան քայլը, ինչի արդյունքում Հայաստանի ու Թուքրիայի միջև կսկսվեն բանակցությունները»:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հունիսի 26-ին հայտարարել է, որ հուսով է, թե Հայաստանն ու սփյուռքը «համարձակ քայլեր» կձեռնարկեն, ինչպես դա արեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ապրիլի 23-ին ցավակցություն հայտնելով «1915-ի իրադարձությունների կապակցությամբ»: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Turkish Policy Quarterly հանդեսում հրապարակված հոդվածում Դավութօղլուն գրել է, որ Էրդողանի հայտարարությունը պետք է հետագա քայլերի հիմք դառնա: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, դրանք պետք է լինեն կարծիքների ու հիշողությունների տեսքով, քանի որ դա ոչ միայն ցավակցություն է, այլև խաղաղության ազնիվ կոչ երկու կողմերին: «Թուրքիայի ու Հայաստանի միջև կսկսվի խաղաղության նոր դարաշրջան, եթե մտավորականներն ու հասարակական գործիչները հաղթահարեն տարաձայնություններն ու աշխատեն հանուն ընդհանուր հաշտեցման»,- ասել է Դավութօղլուն: