5 հուլիսի 2014 - 15:02 AMT
Շաբաթը շփման գծում. Հրադադարի ռեժիմի 600 խախտում, 7500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հունիսի 25-ին ադրբեջանական բանակը առավոտյան 10։30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։ Գյուղապետ Արարատ Ավալյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին։ «Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չունենք»,-ասել է գյուղապետը՝ նշելով, որ գնդակոծությունը կարճ է տևել և հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի պատասխանել դրանց։

Մայիսի 23-ի կեսօրից մինչև ժամը 18-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերի և գյուղի վրա: Ադրբեջանցիները կրակել են սահմանը պաշտպանելու համար հերթափոխի մեկնող զինվորական մեքենայի, բարեկամավանցիներից մեկի «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակներից երկուսը խոցել են Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի առանձնատան տանիքը: Գնդակներից մեկը ծակելով տանիքը և տանիքը պահող շինարարական կառուցվածքները, ընկել է տան միջանցք: Հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել, որից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է կրակը:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: