8 հուլիսի 2014 - 14:23 AMT
Դեսպան. Ուկրաինայի ասոցացումը ԵՄ հետ չի անդրադառնա Երևանի և Կիևի հարաբերությունների վրա

Ուկրաինայի ու Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը «չի փոխում հայ-ուկրաինական հարաբերությունները»: Հուլիսի 7-ին Երևանում Վրաստանի դեսպանատանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան՝ միաժամանակ հավելելով, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում չեն բացառվում որոշակի փոփոխություններ:

Հունիսի 27-ին Ուկրաինան և ԵՄ-ն ավարտին հասցրեցին Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը՝ ներառյալ խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու վերաբերյալ մասը:

Դեսպանը մանրամասնեց՝ երբ Ուկրաինան վավերացնի Եվրամիության հետ կնքված Ասոցացման համաձայնագիրը, և եթե Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ, ու այդպիսով՝ երկու երկրները հայտնվեն տնտեսական տարբեր միություններում, Երևանն ու Կիևը երկկողմ մակարդակում բանակցություններ կսկսեն՝ առաջացած հարցերը կարգավորելու համար:

«Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ընդհանրապես չի փոխում հարաբերությունները Ուկրաինայի և Հայաստանի միջև: Մեր երկրները շահագրգռված են երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, խորացմամբ, կարծում եմ, բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար: Իհարկե, առաջին հերթին շահագրգռված ենք տնտեսական հարաբերություններով, որովհետև Ուկրաինան և Հայաստանը մեծ առևտրաշրջանառություն ունեն, և մենք ցանկանում ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները զարգանան»,- ասաց Կուխտան։

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Ուկրաինան առաջիկայում կվավերացնի հունիսի 27-ին ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:

«Կարծում եմ, որ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը և վավերացնելով այն՝ բնականաբար, Ուկրաինան և Հայաստանը երկկողմ հարթությունում կքննարկեն [առաջացած հարցերը]: Մենք ունենք ազատ առևտրի մասին պայմանագիր, հնարավոր են որոշակի փոփոխություններ այդ հարաբերություններում, մաքսատուրքերում և այլն: Կարծում եմ՝ սա բանակցությունների առարկա է: Այսօր դեռ վաղ է խոսել այդ մասին, որովհետև, երբ մենք կվավերացնենք համաձայնագիրը, երբ այն կմտնի ուժի մեջ, երբ մենք մուտք կունենանք եվրոպական շուկա, երբ եվրոպական ապրանքները կհոսեն Ուկրաինա, այն ժամանակ էլ կխոսենք: Ի դեպ, մենք ծրագրում ենք այս տարվա վերջում այստեղ՝ Երևանում, անցկացնել հայ - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ էլ լրջորեն կքննարկենք այս հարցը»,- փոխանցեց Ուկրաինայի դեսպանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Մենք մեր կողմից լիովին կատարել ենք մեր պարտավորույթունները և կարծում ենք, որ դա տեղի կունենա ընթացիկ տարում»,-ասել է վարչապետը: Օրերս Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- նշել է Իդրիսովը:

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,-ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում: Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ: «Ստորագրման ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել: Որոշվել է նախապատրաստել պայմանագիրը: Երեկ պայմանագիրն ուղղվեց միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը շատ խորն են ուսումնասիրվել, հուսով ենք, որ միջպետական համաձայնեցումը երկար չի տևի»,- ասել է Քոչարյանը: