9 հուլիսի 2014 - 17:01 AMT
Պարտադիր կուտակային վճարները կվերադարձվեն 2015-ի հունվարից

Մասնակիցների դիմումների հիման վրա այս տարվա հունվարից մինչև հուլիսի 1-ը կատարված բոլոր կուտակումները հետ կվերադարձվեն, ընդ որում անկախ այն հանգամանքից` ներկայումս աշխատողը հանդիսանում է կուտակային համակարգի պարտադիր մասնակից, թե հրաժարվում է դրանից: Այսինքն խոսքը վերաբերում է նաև պետական աշխատողներին և քաղծառայողներին: Այս մասին նշել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը` «Կուտակային համակարգ. փոփոխություններ և նոր հնարավորություններ» դասընթացի ընթացքում:

Նշված դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ, իսկ գումարների հետ վերադարձը կկատարվի 2015-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը:

ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ֆինանսավորմամբ և Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կողմից հուլիսի 5-6-ն անցկացված դասընթացին մասնագետները ներկայացրել են կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքում տեղ գտած հիմնական փոփոխությունները, «որոնք բխում էին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումից»:

Սմբատ Սաիյանը համոզմունք է հայտնել, թե օրենսդրության մեջ փոփոխությունների մշակման հիմքում դրված է եղել այն առանցքային սկզբունքը, որ կուտակային համակարգի մասնակից յուրաքանչյուր անձի մաքուր եկամուտները նպատակային սոցվճարներ կատարելուց հետո ոչ մի դեպքում չպետք է նվազեն, գրում է Panorama.am-ը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին վավերացրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով պարտադիր կուտակայինը դառնում է նպատակային սոցիալական վճար։

Դասընթացի ժամանակ մասնավորապես ներկայացվել են հետևյալ կետերը`

• Նոր օրենքում սկզբունքորեն փոխվել է պահումներ կատարելու մեխանիզմը: Եթե 2014թ-ի հունվարին ուժի մեջ մտած օրենքով կատարվում էր պարտադիր կուտակային վճար, ապա նոր օրենսդրությամբ այն փոխարինվել է նպատակային սոցիալական վճարով, ինչն արդեն խնդիրներ չի առաջացնում անձի սեփականություն հանդիսացող աշխատավարձի տնօրինման հետ և չի հակասում Սահմանադրության պահանջներին:

• Մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնելով համապատասխան դիմումը` կուտակային համակարգի մասնակից անձինք կարող են հրաժարվել սոցիալական վճարներ կատարելուց: Նոր օրենսդրությամբ, իհարկե, այսպես կարող են վարվել միայն մասնավոր հատվածում աշխատող անձինք, իսկ պետական աշխատողները, քաղծառայողները հրաժարվելու հնարավորություն չունեն: Այս կարգը գործելու է մինչև 2017թ-ը, ինչից հետո բոլոր մասնակիցներից պարտադիր կարգով կատարվելու են պահումներ:

• Սահմանվել է կուտակային հատկացումների վերին շեմ, ինչը բացակայում էր նախորդ օրենսդրության մեջ: Ներկայումս կուտակային հատկացումները ամսական կտրվածքով չեն կարող գերազանցել 25 հազար դրամը: Մինչև 2020թ-ը սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի (աշխատավարձ և այլն) առավելագույն շեմը սահմանված է 500 հազար դրամ, իսկ դրանից հետո այն հավասարեցվելու է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկին: Հատկանշական է, որ եթե անձն աշխատում է մեկից ավել վայրերում, և տարբեր գործատուների կողմից պահված սոցիալական վճարի չափը գերազանցում է 25 հազար դրամը, ապա ամսվա վերջին սահմանված կարգով անձը հետ կստանա ավել վճարած գումարը:

• Կուտակային համակարգի նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների փոխարեն նախատեսված սոցիալական վճարները կատարելու է գործատուն` այնպես, որ նվազագույն աշխատավարձը չի կրճատվելու:

•Կուտակային համակարգի մասնակիցները ստիպված չեն լինի հասնել կենսաթոշակային տարիքի, որպեսզի կուտակային կենսաթոշակ ստանան. անձը կարող է թոշակ ստանալ նաև արդեն 55 տարեկանում, իհարկե, եթե իր կատարած կուտակումների չափը բավարարում է օրենքի պահանջներին: Փոխվել է նաև մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգորդների կողմից կենսաթոշակային հաշվում առկա մնացորդի ժառանգման կարգը: Այժմ ժառանգորդ հանդիսացող անձը կարող է միանվագ կարգով ամբողջությամբ ստանալ մահացած մասնակցի հաշվին առկա կուտակումները:

• Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնացողների հետ կապված` մինչև երեխայի 2 տարին լրանալն այդ անձի համար պետությունը կատարում է նպատակային սոցիալական վճար` յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ: