23 մայիսի 2006 - 15:21 AMT
Հայաստանը կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց է գրանցել ԱԳԳԾ իրականացման գործում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հայտնում է երկրի ղեկավարի մամալո ծառայությունը: Դրական գնահատելով ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ընթացքը, Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց է գրանցվել ծրագրային դրույթների իրականացման գործում: Այդ համատեքստում կարեւորվել է երկրի պաշտպանության համակարգում համապատասխան բարեփոխումների իրականացումն ու ժողովրդավարության ամրապնդումը: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները դիտարկելով Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության շրջանակում, Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական տարբեր կառույցների հետ աշխատանքը համադրելու եւ ավելի համակարգված առաջ շարժվելու նպատակով օրերս ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պարբերաբար երկրի ղեկավարին կզեկուցի այդ ուղղությամբ գործողությունների ընթացքը: «Մեր նպատակն է նախատեսված աշխատանքից ետ չմնալ, ընդհակառակը, մի քիչ էլ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել եւ համատեղ ծրագրերը լիարժեք իրագործել»,-շեշտել է Ռոբերտ Քոչարյանը: Հյուրի խնդրանքով Հանրապետության նախագահն ընդհանուր գծերով անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումներին: