10 հուլիսի 2014 - 16:13 AMT
Թուրքական «Վանի ավիաուղիները» մտադիր են թռիչքներ կատարել դեպի Հայաստան

Ստամբուլում և Վանում բնակվող մի խումբ գործարարների ու նախաձեռնողների կողմից հիմնադրվում է «Վանի ավիաուղիներ» օդային փոխադրումների ծառայությունը: Նախաձեռնության նպատակը Վանի տնտեսական և զբոսաշրջային ներուժի վրա ուշադրություն հրավիրելն է:

Haber Van լրատվական կայքը տեղեկացնում է, որ «Վանի ավիաուղիներ» բաժնետիրական ընկերությունը ասպարեզ է մտնում 3 մլն դոլար կապիտալով: Ընկերության բաժնետոմսերի վաճառքը բաց է և ցանկացողները կարող են մասնաբաժին ունենալ` սկսած 10.000 թուրքական լիրայից: Սակայն նույն ընտանիքից առավելագույնը 2 հոգի կարող են բաժնետոմս գնել մինչև 100.000 լիրայի չափով:

«Վանի ավիաուղիներ»-ի հիմնադիր կազմում են Վանի առևտրա-արդյունաբերական պալատը, Վանի առևտրային բորսան, Վանի արհեստագործական պալատների միությունը, Վանի հիմնադրամը: Ըստ նախատեսվածի` առաջին չվերթն իրականացվելու է 2015-ի ապրիլի 2-ին: Ամեն օր կայուն սակագնով լինելու են Վան-Անկարա-Վան, Վան-Ստամբուլ-Վան չվերթներ:

Սկզբնական շրջանում ընկերությունը վարձակալելու է 180 ուղևորի համար նախատեսված 6 Boing 737 տեսակի ինքնաթիռ: Հետագայում իր կապիտալը 50 մլն դոլարի հասցնելու դեպքում «Վանի ավիաուղիներ» բաժնետիրական ընկերությունը ծրագրում է գնել DC 9 տեսակի ինքնաթիռներ և չվերթներ իրականացնել նաև դեպի Հայաստան, Իրան, Իրաք և Վրաստան, հայտնում է Panorama.am-ը:

Վան-Երևան-Վան չվերթի շնորհանդեսը տեղի ունեցավ 2013 թ. մարտի 14-ին Երևանում երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»–ի,Եվրամիության հայաստանյան առաքելության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ: 1000կմ ցամաքային ճանապարհի փոխարեն, որը 20 ժամ է պահանջում, այսուհետ հնարավոր կլինի 40 րոպեում հասնել Վան ATR 72-500 եվրոպական արտադրության ինքնաթիռով, որը 68 տեղ ունի:

Ենթադրվում էր, որ չվերթը կիրականացնի Narekavan Tour ընկերությունը Borajet թուրքական ավիափոխադրողի հետ համատեղ, որը ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի անդամ է և երաշխավորում է թռիչքների անվտանգությունը Հայաստանի քաղաքացիների համար:

Ինչ վերաբերում է վիզաներին, ապա հայաստանցի ուղևորները պետք է այն ստանային Վանի օդանավակայանում 15 դոլարով, միաժամանակ, Վանից Հայաստան ժամանողները կկարողանային վիզաներ ստանալ «Զվարթնոց» օդանավակայանում՝ վճարելով 3000 դրամ և մնալ այստեղ 15 օր:

Առաջին չվերթը նախատեսված էր ապրիլի 3-ին, սակայն վերջին պահին թուրքական կողմը «սառեցրեց» այն: 2014-ի փետրվարին Արդյունաբերողների (գործատուների) և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտնեց, որ բանակցությունները թուրքական ավիացիոն իշխանությունների հետ Երևան-Վան չվերթի բացման վերաբերյալ ակտիվացել են, այսօրվա դրությամբ, ամենաբարդը ինքնաթիռի ընտրությունն է: