11 հուլիսի 2014 - 11:40 AMT
Հետախուզվում է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենը. Նրան կասկածում են ֆինանսական չարաշահումների մեջ

Հետախուզվում է «ԱրմենՏել» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրան կասկածում են ֆինանսական չարաշահումների մեջ, խոսքը 10-15 մլրդ դրամի մասին է:

Հիշեցնենք, որ Կլիմկոն, որը ստանձնեց ընկերության ղեկավարումը 2009 թ. ապրիլին, 2013-ի սկզբին անսպասելի հրաժարական տվեց, չսպասելով աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամկետի սպառմանը, և շտապ կերպով լքեց Հայաստանը: Հենց այդ ժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ նրա հսկայական ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել և այդ պատճառով նրան ազատել են աշխատանքից: Կարծես թե այդ տեղեկությունները այժմ հաստատվում են:

Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայությունում հաստատեցին, որ վարույթում է գտնվում «ԱրմենՏել» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից չարաշահումների վերաբերյալ քրեական գործը, սակայն այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Կլիմկոն հետախուզման մեջ է 2014 թ. փետրվարից: Ավելին, հարուցված քրեական գործի շրջանակում կա նաև ձերբակալված անձ: Ըստ որոշ տվյալների, նա ևս «ԱրմենՏել» ՓԲԸ նախկին աշխատակից է, որին ձերբակալել են արտերկրում և այժմ քննվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը, հայտնում է «Փաստինֆոն»:

Իգոր Կլիմկոն «ՎիմպելԿոմ» ընկերության 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկության՝ «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվեց 2009 թ. ապրիլի 15-ին: Նա այդ պաշտոնում փոխարինեց Նեյչո Վելիչկովին, որը հեռացավ ընկերությունից 2009 թ. ապրիլի 2-ին:

Պաշտոնից հեռանալու որոշման մասին Կլիմկոն հայտարարեց 2012-ի դեկտեմբերին: Ինչպես այն ժամանակ հայտնեց PanARMENIAN.Net-ին ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը, Կլիմկոն որոշումը ինքնուրույն է կայացրել, այն համաձայնեցված է «Վիմպելկոմի» ղեկավարության հետ: Կլիմկոն նույնիսկ չսպասեց պաշտոնվարման ժամկետի ավարտին և շտապ հեռացավ Հայաստանից: Հենց այդ ժամանակ տեղեկություններ հայտնվեցին հսկայական ֆինանսական չարաշահումների մասին: