11 հուլիսի 2014 - 16:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր չգրանցվել ու չհաշվառվել ՌԴ-ում. Համաձայնագիրը ստորագրվել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը:

ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ՌԴ կառավարության անունից՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրանտների համար:

ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի տարածքում հայ միգրանտների գտնվելու և աշխատելու կարգի դյուրացմանը: Դրանք են՝ ՌԴ-ի տարածքում ՀՀ քաղաքացիների և Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում նախատեսված փոփոխությունները:

Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համաձայնագրերի վավերացումից հետո աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները: Միաժամանակ նախատեսվում է բոլոր փաստաթղթերը հաստատել ՄՄ Հայաստանի պաշտոնական մուտքի ավարտից առաջ:

Համաձայնագիրը նախատեսված է նաև Մաքսային միության իրավապայմանագրային բազայով: Բայց նկատի ունենալով, որ Մաքսային միությանը միանալու պարագայում այդ նորմն ամենայն հավանականությամբ կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից, խնդիր է դրվել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ դրանք հնարավորինս արագ երկկողմ հիմքի վրա կիրառվեն:

Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգով միգրանտների մասին օրենքում ուղղումներ էին արվել, որոնցով մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, այդ ժամկետի լրանալուց հետո նորից երկիր կարելի է վերադառնալ 90 օրից: Մինչև այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք և մի քանի օրից նորից վերադառնալ ՌԴ:

ՖՈՏՈՇԱՐՔ