12 հուլիսի 2014 - 14:24 AMT
ՀՀ և ՌԴ վարչապետները հաստատում են` Երևանը կարող է միանալ ՄՄ-ին ընթացիկ տարում

Հայաստանը կարող է միանալ Մաքսային միությանն արդեն 2014-ին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Բոլոր շանսերը կան, որ 2014-ին Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, այստեղ բարձր է պատրաստականության աստիճանը, գործնականում հակասություններ չեն մնացել միացման պայմանագրի նախագծի առումով»,-ասել է Սլեպնյովը ուրբաթ օրը Մինսկում Բելառուսի արտասահմանյան հաստատությունների ղեկավարների համար նախատեսված սեմինարում:

Ըստ նախարարի, ԵՏՄ-ն «ճանապարհային քարտեզ» է կազմել Հայաստանի համար, որը դեռ աշխատանքի զգալի ծավալ պետք է կատարի: Այս առնչությամբ Սլեպնյովը նկատել է, որ Հայաստանը տարածքային առումով մեկուսացած է Մաքսային միությունից, ուստի հարկավոր է հստակ մշակել ապրանքային հոսքերի վերահսկման հնարավորությունները: Սակայն հիմնական հարցը տարբերություններն են Հայաստանի ու Ռուսաստանի միջև ԱՀԿ-ի առջև պարտավորությունների առումով, շարունակել է նախարարը: Ուստի, պարզաբանել է նա, ինչ-որ անցումային շրջան կսահմանվի, որի ընթացքում «մենք կկանոնակարգենք ԱՀԿ առջև այլ պարտավորություններ ունեցող երկրի անդամակցության հարցը Մաքսային միությանը», հայտնում է «Ինտերֆաքս-Բելառուսը»:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում, հայտարարվեց հուլիսի 11-ին Սոչիում՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ինչպես հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո: Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Մենք մեր կողմից լիովին կատարել ենք մեր պարտավորույթունները և կարծում ենք, որ դա տեղի կունենա ընթացիկ տարում»,-ասել է վարչապետը:

Օրերս Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- նշել է Իդրիսովը:

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,-ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում:

Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ: «Ստորագրման ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել: Որոշվել է նախապատրաստել պայմանագիրը: Երեկ պայմանագիրն ուղղվեց միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը շատ խորն են ուսումնասիրվել, հուսով ենք, որ միջպետական համաձայնեցումը երկար չի տևի»,- ասել է Քոչարյանը: