21 հուլիսի 2014 - 16:25 AMT
ՌԴ-ում աշխատել ցանկացող միգրանտները կարող են քննություն հանձնել սեպտեմբերի 1-ից

Աշխատանքային միգրանտներն արդեն սեպտեմբերի 1-ից կկարողանան ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության ու ռուսական օրենսդրության քննություն հանձնել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան, որը քննական տարբերակների մշակման հանձնաժողովի անդամ է:

«Չնայած նրան, որ Միգրացիայի դաշնային ծառայությունը հավաստագրերն ընդունելու է 2015-ի հունվարի 1-ից, քննությունները կարելի է շուտ հանձնել: Սա արվում է, որ տարեսկզբին փաստաթղթերի ընդունման հետ խնդիրներ չծագեն»,- ասել է Դոլժիկովան: Նա նշել է, որ քննությունը բաղկացած է լինելու երեք մոդուլից` ռուսաց լեզվի, պատմության ու օրենսդրության:

«Քննությունները կարելի է հանձնել 385 կենտրոններից մեկում, որոնք հիմնականում գործելու են բուհերի հենքի վրա:

Անհրաժեշտության դեպքում դրանց թիվը կավելանա»,- հայտնել է ՌԴ կրթության ու գիտության փոխնախարար Վենիամին Կագանովը: Նա նշել է, որ քննությունը լինելու է վճարովի, սակայն ոչ շատ թանկ:

«Միջոցներն ուղղվելու են բուն գործընթացի կազմակերպմանը ուսումնական հաստատություններում»,- մանրամասնել է Կագանովը: «Քննության արդյունքների մասին տեղեկատվությունը տեղադրվելու է հատուկ բազայում: Բուն հավաստագրերը ուժի մեջ կլինեն 5 տարի»,- ասել է փոխնախարարը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

2015-ի հունվարի 1-ից ՌԴ-ում սահմանվում է աշխատանքնային միգրանտների համար պարտադիր քննակարգ:

Հուլիսի 17-ինՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, որ «Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում, և Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգի» մասին համաձայնագրի կիրարկումը կսկսվի օգոստոսի 10-ից:

«Երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով ՌԴ քաղաքացիներին: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատանքային անձը, այլ նաև նրա ընտանիքի անդմաները համարվում են օրինական գտնվողներ ՌԴ տարածքում»,- ընդգծել է Եգանյանը:

Նա նշել է, որ Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ համաձայնագրի հետ կապված հարցը քննարկվել է, նշվել է, որ հայկական կողմն արդեն ներպետական ընթացակարգերն ավարտել է և պատրաստ է ստորագրելու: Մինչդեռ ռուսական կողմն ասել է, որ դեռևս պատրաստ չէ ստորագրման:

«Ի պատասխան մեր վարչապետի կողմից բարձրացված հարցի, ՌԴ վարչապետը հետաքրքրվեց իրենց Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարից, թե խնդրի էությունը որն է, ի՞նչն է պատճառը, որ չեն հասցրել վավերացնել: Ներկայացվեց, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարության կողմից կան որոշակի վերապահումներ, որոնք ըստ էության սկզբունքային չեն: Սակայն քննարկման ընթացքում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ ինքն այդ խնդիրները կկարգավորի, և մենք լավատեսությամբ ենք լցված»,- նշել է Գագիկ Եգանյանը:

Հարցին, թե մտավախություն չունեն, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվի, Եգանյանը պատասխանել է, որ ամեն ինչ էլ կարող է լինել, սակայն լիահույս է, որ այս համաձայնագիրը ևս կստորագրվի:

ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը: