22 հուլիսի 2014 - 15:48 AMT
Որպես զբոսաշրջիկ Ռուսաստան գնացող միգրանտները չեն կարողանա աշխատել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է որպես զբոսաշրջիկ երկիր մուտք գործող միգրանտներին աշխատանքի թույլտվություն հատկացնելը: Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդրական տեղեկատվության պաշտոնական կայքում: Այս օրենքը նախատեսում է, որ արտասահմանցի միգրանտին, ով Ռուսաստան է գնացել այնպիսի պետությունից, օրինակ` Հայաստանից, որտեղ Ռուսաստանի հետ գործում է առանց արտոնագրի ռեժիմ, կարող է աշխատանքի թույլտվություն տրվել միայն այն դեպքում, եթե նա միգրացիոն քարտում աշխատանքը նշել է` որպես երկիր մուտք գործելու նպատակ, գրում է РИА Новости-ն:

Մինչև այս օրենքով չէր արգելվում երկիր մուտք գործելիս մեկ նպատակ նշել, սակայն փաստացի բոլորովին այլ բանով զբաղվել: Թեև այցի նպատակի մասին սուտ տեղեկությունների համար նախատեսվում էր տուգանք` 2-5.000 ռուբլի (60-145 դոլար)` արտաքսման հնարավորությամբ, սակայն քանի որ օրենքով հիմնական արգելք չէր նախատեսվում, պատիժն էլ չէր կարող կիրառվել: Նոր օրենքի ստորագրմամբ նման խախտումներն ավելի հետևողականորեն կհետապնդվեն:

Հուլիսի 17-ինՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, որ «Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում, և Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգի» մասին համաձայնագրի կիրարկումը կսկսվի օգոստոսի 10-ից:

«Երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով ՌԴ քաղաքացիներին: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատանքային անձը, այլ նաև նրա ընտանիքի անդմաները համարվում են օրինական գտնվողներ ՌԴ տարածքում»,- ընդգծել է Եգանյանը:

Նա նշել է, որ Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ համաձայնագրի հետ կապված հարցը քննարկվել է, նշվել է, որ հայկական կողմն արդեն ներպետական ընթացակարգերն ավարտել է և պատրաստ է ստորագրելու: Մինչդեռ ռուսական կողմն ասել է, որ դեռևս պատրաստ չէ ստորագրման:

«Ի պատասխան մեր վարչապետի կողմից բարձրացված հարցի, ՌԴ վարչապետը հետաքրքրվեց իրենց Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարից, թե խնդրի էությունը որն է, ի՞նչն է պատճառը, որ չեն հասցրել վավերացնել: Ներկայացվեց, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարության կողմից կան որոշակի վերապահումներ, որոնք ըստ էության սկզբունքային չեն: Սակայն քննարկման ընթացքում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ ինքն այդ խնդիրները կկարգավորի, և մենք լավատեսությամբ ենք լցված»,- նշել է Գագիկ Եգանյանը:

Հարցին, թե մտավախություն չունեն, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվի, Եգանյանը պատասխանել է, որ ամեն ինչ էլ կարող է լինել, սակայն լիահույս է, որ այս համաձայնագիրը ևս կստորագրվի: ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը: