Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» (American Heist) ֆիլմը, որում նկարահանվել են Էդրիան Բրոուդին և Հայդեն Քրիստենսենը, կմրցի Տորոնտոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար։
Ֆիլմը ներկայացնում է երկու եղբայրների պատմությունը, որոնք որոշել են իրականացնել «դարի կողոպուտը»։ Նկարահանումները տեղի են ունեցել 2013-ի ամռանը Նոր Օռլեանում։ Գլխավոր դերերում` Էդրիան Բրոուդի, Հայդեն Քրիստենսեն, Ջորդանա Բրյուստեր, ռեփեր Էյքոն։ Ֆիլմի բյուջեն կազմել է 8 մլն դոլար։
Սարիկ Անդրեասյանը հայտնի է «Աշխատանքային սիրավեպ. Մեր օրերը» (Служебный роман. Наше время), «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» (С новым годом, мамы) և այլ ֆիլմերով:
Տորոնտոյի կինոփառատոնը կանցկացվի 2014թ. սեպտեմբերի 4-14-ը։ Սարիկ Անդրեասյանի ֆիլմն ընդգրկվել է փառատոնի կինոդիտումների հիմնական մրցույթում՝ Special Presentation-ում, որը համարվում է գլխավոր ծրագիրը և ներկայացնում է ամենաաղմկահարույց պրեմիերաները, հայտնում է RIA Novosti-ն Enjoy Movies ընկերությանը հղումով:
Տորոնտոյի փառատոնը համարվում է «Օսկարի» «ոչ պաշտոնական փորձը», քանի որ ԱՄՆ-ի գլխավոր կինոմրցանակի ընտրող հանձնաժողովը պարտադիր դիտում է կանադական փառատոնում ներկայացված հիմնական ֆիլմերը: Տորոնտոյում մրցույթ որպես այդպիսին չկա. hաղթողը որոշվում է հանդիսատեսի քվեարկությամբ և դա կարող է լինել ցանկացած ծրագրում ներկայացվող ֆիլմ:
Տորոնտոյի ամենամյա կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է 1976-ին: Այն սկսվում է կանադական Աշխատավորի օրվա (սեպտեմբերի առաջին երկուշաբթին) հաջորդ հինգշաբթի երեկոյան և տևում 10 օր: