Թուրքական բանակի ու Քուրդիստանի աշխատանքային կուսակցության սիրիական թևի (PYD) միջև Թուրքիայի Շանլիուրֆա գավառի Սիրիրայի հետ սահմանային հատվածում սկսվել է զինված բախում: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը թուրքական Haber7 հեռուստաալիքին հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով` թուրքական ԶՈւ-ն հավելյալ ուժեր է ուղարկում դեպի այս մարզ:
Նաև նշվում է, որ վերջին շաբաթներում ահաբեկչական այս կազմակերպության սիրիական թևը բազմիցս գնդակոծել է թուրքական դիրքերը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, Քուրդիստանի աշխատանքային կուսակցության ահաբեկչական սիրիական թևի ակտիվացումը երկրի համար վտանգ է ներկայացնում:
Օրերս թուրքական Milliyet պարբերականը հաղորդել է, որ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության մոտ 800 ահաբեկիչ-զինյալներ Թուրքիայի տարածքից ներխուժել են Սիրիա:
Պարբերականի տվյալներով, Սիրիա ներխուժման նպատակը երկրի տարածքում բնակվող քրդերին աջակցություն տրամադրելն է:
Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: