24 հուլիսի 2014 - 15:45 AMT
Ռուսաստանում քննություն հանձնելիս միգրանտներին բավարար կլինի ճիշտ պատասխանել հարցերի 40%-ին

Ռուսաստանի պատմության և օրենսդրության քննությունը հանձնելու համար միգրանտներին բավարար կլինի պատասխանել հարցերի 40 տոկոսին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, քննությունը սխալվելու իրավունք է նախատեսում: Ռուսաստանի պատմության թեստը բաղկացած կինի ընդամենը 20 առաջադրանքից, այսինքն, 8 ճիշտ պատասխանը բավարար կլինի այն հաջողությամբ հանձնելու համար: Նույն կանոնն է գործում նաև ՌԴ օրենսդրության թեստի դեպքում: Առավելագույն տևողությունը չի գերազանցում 2,5 ժամը:

Դոլժիկովան հավելել է, որ լսարաններում դասախոսները կհետևեն կարգապահությանը:

«Ոչ ամեն տեղ, բայց կենտրոնների մեծ մասում տեսագրություն կարվի»,- հավելել է պրոռեկտորը:

2015 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում աշխատելու ցանկություն ունեցող միգրանտը պետք է հավաստագիր ունենա քննության համար, որը բաղկացած է երեք մոդուլից՝ ռուսաց լեզվի, պատմության ու օրենսդրության թեստերից: Միգրանտների բոլոր արդյունքները կհամախմբվեն ավտոմատ համակարգում, որը հասանելի կլինի կրթության ու գիտության նախարարության ու Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցներին:

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է, որ ՌԴ հետ բանակցությունների օրակարգում երկու երկրների տարածքում քաղաքացիների կացության կարգի վերաբերյալ մասում ներկայացված է նաև փաստաթուղթ աշխատանքի շուկաների ձևավորման մասին: Ըստ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացիները կկարողանան աշխատանքի տեղավորվել Ռուսաստանում առանց լրացուցիչ թույլտվությունների ու տուրքերի, ինչպես ՌԴ քաղաքացիները:

«Հարցը քննարկվել է վարչապետների հանդիպմանը: Հայկական կողմն ավարտել է նախապատրաստական աշխատանքներն ու պատրաստ է ստորագրման, սակայն ռուսական կողմը դեռ չի ավարտել ձևակերպումները որոշակի վերապահումների պատճառով, որոնք սկզբունքային չեն: Դմիտրի Մեդվեդևը խոստացել է անձնական հսկողության տակ վերցնել հարցն ու կարգավորել այն սեղմ ժամկետում»,- ասել է Եգանյանը: