25 հուլիսի 2014 - 15:52 AMT
Հայաստանը 87-րդն է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող 100 երկրների թվում

Հայաստանը 87-րդն է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների վարկանիշում, որը կազմել է ՄԱԿ Զարգացման ծրագիրը: Զեկույցում ասվում է, որ մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակով պետությունների հնգյակում են նախկինի պես Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու ԱՄՆ-ն:

ՄԱԿ Զարգացման ծրագրի 2014 թվականի մարդկային զարգացման մասին զեկույցը տվյալներ է պարունակում կյանքի մակարդակի ու սոցիալական պաշտպանվածության, առողջության, կրթության ու մշակութային զարգացման մակարդակի մասին, հանցավորության վիճակի, բնական միջավայրի պաշտպանության, որոշումների կայացման մեջ մարդկանց մասնակցությանը: Վարկանիշը երկրների նվաճումը գնահատում է ըստ առողջության մակարդակի, կրթության ու փաստացի եկամուտի, 3 հիմնական ուղղությամբ: Առաջինն առողջությունն ու երկարակեցությունն են, որ գնահատվում են կյանքի ակնկալվող տևողության ցուցանիշով, կրթության հասանելիությունը, որը գնահատվում է ըստ մեծահասակ բնակչության գրագիտության մակարդակի և կրթության ներգրավվածության համախառն գործակիցով: Երրորդը՝ կենսակերպի բավարար մակարդակն է, որը գնահատվում է ըստ ՀՆԱ մեծության բնակչության մեկ շնչի հաշվարկով ԱՄՆ դոլարով գնողունակության հետ համադրությամբ:

Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասն ընդգրկվել է մարդկային բարձր զարգացում ունեցող պետությունների 100-յակում: Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը զբաղեցնում են համապատասխանաբար 53-րդ, 57-րդ, 70-րդ и 76-րդ հորիզոնականները: Վրաստանն ու Ուկրաինան համապատասխանաբար 79-րդն են ու 83-րդը: Մարդկային զարգացման միջին մակարդակով երկրների ցանկի սկզբում են հայտնվել Թուրքմենստանը՝ 103 տեղը, Մոլդովան՝ 114-րդը, Ուզբեկստանը՝ 116, Ղրղզստանը՝ 125-րդը և Տաջիկստանը՝ 133-ը:

Ցուցակը եզրափակում են Սիեռա Լեոնեն, Չադը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը և Նիգերը՝ դրանք մարդկային ցածր զարգացումով երկրներն են:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նման զեկույցներ է հրապարակում 1990 թվականից ի վեր: Զեկույցի ստեղծմանը մասնակցում են միջազգային փորձագետներ, որոնք օգտագործում են վերլուծությունները, ինչպես նաև տարբեր միջազգային միջկառավարական կազմակերպությունների ու այլ միջազգային գործակալությունների վիճակագրական տվյալները:

Նոր զեկույցում ներկայացված է նաև գենդերային զարգացման վարկանիշը: Կանանց մարդկային զարգացման մակարդակը հավասար է տղամարդկանց մակարդակին կամ գերազանցում է աշխարհի 16 երկրներում, որոնց թվում են Բելառուսը, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան, Ռուսաստանն ու Ուկրաինան: Ըստ 2013 թ. զեկույցի Հայաստանը կրկին 87-րդ հորիզոնականում էր: