25 հուլիսի 2014 - 15:20 AMT
Իտալական «L'Opinione». ԼՂՀ ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ

Իտալական «L'Opinione» թերթը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության ու ղարաբաղյան կարգավորմանը նվիրված «Լռություն, որը ցավ է պատճառում» հոդվածը:

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, «հրադադարի մասին համաձայնագրի բազմաթիվ խախտումներից, հայկական տարածք ներթափանցելու ադրբեջանցիների փորձերից ու Բաքվի ռազմատենչ հայտարարություններից հետո, լարվածությունը երկու պետությունների (Հայաստանի ու Ադրբեջանի) միջև գնալով աճում է, իսկ երկարատև խաղաղության հաստատման հավանականությունը հետաձգվում: Լեռնային Ղարաբաղի փոքր հանրապետությունն արդեն 20 տարի շարունակ փորձում է ապրել որպես անկախ պետություն, չնայած, որ միջազգային հանրությունը չի ճնաչում այն որոշ, բացառապես քաղաքական, պատճառներով»:

Լեռնային Ղարաբաղը (սեփական ինստիտուտներով, կենտրոնական բանկով, համալսարանով, ազգային ռադիոյով ու հեռուստատեսությամբ, հեռախոսային ընկերությամբ), որտեղ ժողովրդավարության մակարդակը ավելի բարձր է, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկրում, այժմ շարունակում է մնալ ֆանոտմային մի պետություն, ասվում է հոդվածում:

«Նրա գլխավոր խնդիրների իմացությունն ու դրանց պատճառների ընկալումը կարող է միջոց հանդիսանալ հակառակորդների մերձեցման համար և օգնել խուսափել պատերազմից բոլոր բխող հետևանքներով (հատկապես, նավթին վերաբերող հարցում) Եվրոպայի համար ընդհանուր առմամբ: Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչումը քննարկման ենթակա չէ, քանի որ անթույլատրելի է մտածել անգամ, թե հայերն ի վերջո կրկին կհայտնվեն ադրբեջանցիների իշխանության ներքո, որոնք արդեն բազմիցս են ազգամիջյան ատելություն դրսևորել, ինչը հաստատում է, օրինակ, միջնադարյա հայկական գերեզմանոցի քանդումը Ջուլֆայում կամ Սաֆարովի գործը (ադրբեջանցու, որը կացնահարեց քնած հայ սպային, որի հետ ուսանում էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Հունգարական դատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտեց, սակայն երբ նրան արտահանձնեցին Ադրբեջանին, այնտեղ նրան որպես ազգային հերոսի դիմավորեցին):

Եվրոպան պետք է ամեն ինչ անի իր հնարավորությունների սահմանում, որպեսզի Կովկասի կանաչ լեռներում կրկին խաղաղություն տիրի: Եվ, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի ապագա ազատությունը կախված չի լինի Ադրբեջանի նավթից ու փողից (մի երկրի, որը վերջին տեղերից մեկում է Մամուլի ազատության վարկանիշում, որն ամեն տարի կազմում է «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը, այնտեղ արդեն շուրջ 20 տարի է հաստատված է Ալիևների ընտանիքի բռնատիրությունը, որը ճնշում է քաղաքական ընդդիմադիրներին ու մարդու իրավունքների պաշտպաններին): Չի կարելի ճակատագրի քմահաճույքին թողնել Արևելյան Եվրոպայի վերջին կտորը, արևմտյան և քրիստոնեական աշխարհի վերջին սահմանը, առավել ևս չի կարելի այն վաճառել կասպից նավթի դիմաց: Ամեն ինչ կախված է արդարության ու ժողովրդավարության այն արժեքների իրական նշանակությունից, որոնց վրա հիմնված է եվրոպական հասարակությունը»,-ասվում է հոդվածում, հայտնում է ԻնոՍՄԻ-ն:

Ադրբեջանական ստորաբաժանումները, պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը ԼՂՀ ԶՈւ հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, գնդակոծում են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլ նաև սահմանամերձ գյուղերը, ինչը կորուստների պատճառ է դառնում նաև խաղաղ բնակչության շրջանում: Բացի այդ, ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձեր է ձեռնարկում:

Հուլիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք:

Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։