26 հուլիսի 2014 - 10:59 AMT
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը` Վենետիկի կինոփառատոնում

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպին»(The Cut) ֆիլմը, որը նկարահանել է թուրքական ծագումով գերմանացի կինոռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Ֆաթիհ Աքինը, կներկայացվի Վենետիկի 71-րդ կինոփառատոնում, որը կանցնի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը:

«Սպին» պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները նույնպես, հավանաբար, փրկվել են, և սկսում է նրանց որոնումներն ու հասնում մինչև Հյուսիսային Դակոտա:

Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, անգլերեն լեզվով, սցենարի հեղինակներն են ֆիլմի ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Փառատոնին կներկայացվի նաև ֆիլմի գերմաներեն կրկնօրինակված տարբերակը: Ֆիլմում նկարահանվել են Թահիր Ռահիմը, Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազին և այլոք:

«Կարծում եմ, որ չարացվածությունն ապրում է մեր մեջ ծննդյան օրից: Ինձ համար հետաքրքիր էր բացահայտել, որ չարացվածությունն անցման գործընթաց է բարությունից և որ գոյություն ունի նաև հակառակը: Այդ երկու հասկացությունները փոխկապակցված են:

Օրինակ, մարմնի գեղեցիկ մասերի ետևում կարող է չարորակ ուռուցք թաքնված լինել: Նույն կերպ, նույն անձը կարող է ինչպես ամենաբարի արարքը գործել, այնպես էլ՝ ամենադաժան հանցագործությունը:

Մենք դեռ պետք է բացահայտենք, թե երբ կդադարենք ապրել սահմանի երկու կողմերում՝ բաժանված լինելով կրոնական, ազգային պատկանելությամբ»,-իր մտորումներն է ներկայացրել Ֆաթիհ Ակինը, հայտնում է Panorama.am-ը:

Ֆաթիհ Աքինը ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ է: Նրա ծնողները Գերմանիա են ներգաղթել Թուրքիայից: Որպես ռեժիսոր առաջին անգամ հանդես է եկել 1998-ին «Արագ և առանց ցավի» ֆիլմով, որի համար ստացել է Լոկարնոյի կինոփառատոնի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակը և որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր Մյունխենի Pierrot փառատոնում: Հետո հաջորդել են «Հուլիսին» ֆիլմը և «Սոլինոն» Մորից Բլայբթրոյի դերակատարությամբ:

Աքինի չորրոդ՝ «Գլխով պատին» ֆիլմը մի քանի պարգև է ստացել, այդ թվում՝ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ը:

2005-ին նա նկարահանել է Ստամբուլի մասին Crossing the Bridge: The Sound of Istanbul փաստագրական ֆիլմը, դիտարկելով քաղաքը տարբեր երաժշտական ոճերի ներքո:

2005-ին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում, 2007-ին մասնակցել փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով (Auf der anderen Seite):

2009-ին ներկայացրել է իր նոր կինոկատակերգությունը՝ «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: