26 հուլիսի 2014 - 12:15 AMT
Կրակոցներ Տավուշում. Ադրբեջանական կողմը վիրավորներ ունի, մենք` ոչ

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր գյուղերի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցներին, ասել է, թե մենք հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել, իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր, հակադարձել ենք:

«Բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, նրանք ունեն վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- նշել է նա:

Լրագրողների դիտարկմանը, թե բերքահավաքի աշխատանքների իրականացնելու հարցում սահմանամերձ գյուղի բնակիչները դիմել են Կարմիր խաչին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է.«Մենք հատկապես այս փուլում միշտ գյուղացիների կողքին ենք»:

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով բերքահավաքի շրջանը, հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում, գրում է Tert.am-ը:

Ադրբեջանական դիրքերից հուլիսի 21-ին կրկին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խանգարել գյուղատնտեսական աշխատանքներին, կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա:

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, որպեսզի միջնորդեն և գյուղացիները կարողանան անվտանգ շարունակել բերքահավաքը: Խնդրում են, որ Կարմիր Խաչը միջնորդի կամ մարդ ուղարկի, որ կազմակերպության մեքենայով կանգնեն տարածքում, գյուղացիներն էլ կարողանան աշխատել և բերքահավաքն անել:

Հուլիսի սկզբից ադրբեջանական կողմը մշտապես գնդակոծում է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը: Հուլիսի 4-ի առավոտյան Պառավաքար գյուղում կրկին կրակոցներ են եղել՝ տուժողներ չկան։ Գյուղում հունիսի 28-ին հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը, որն աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը:

Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են,սահմանիցմի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել:

«Անհանգստության կարիք չկա: Նենգ թշնամու գործողություններ են, որոնց մենք պատրաստ ենք ամեն վայրկյան հակադարձելու և իրենց ցույց տալու մեր տեղն ու դերը»,- ասել է Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը` անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածությանն ու հաճախակի դարձած դիվերսիոն միջադեպերին:

Սարգսյանի խոսքով` որևէ խնդիր չկա, որպեսզի ժողովուրդն իսկապես անհանգստանա: Թեև բնական է, որ բոլորս էլ տեսնում ենք` կան զոհեր, կան վիրավորներ, «դեռ պատերազմը վերջացած չի, բայց մեր բանակը մարտունակ է և ունի հնարավորություն հակադարձելու համար»:

Անդրադառնալով Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ֆոնին պատերազմի վերսկսման մասին խոսակցություններին` Սարգսյանը նշել է. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Բայց ոչ մի բան չի բացառվում. երբեք մի ասա երբեք: Թեև կրկնում եմ` ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- գրում է Panorama.am-ը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:Հանդիպմանը հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար: