2 օգոստոսի 2014 - 12:20 AMT
Հակառակորդը մարտադաշտում հատուկ նշանակության զինատեսակներ ու տեխնիկա է թողել․ ԼՂՀ ՊՆ-ի լուսանկարները

Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասին անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ինչպես արդեն հաղորդվել է, պաշտպանության բանակը տվել է 1 զոհ, 3 զինծառայող ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և 3 վիրավոր, իսկ արևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում հակառակորդը, խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ (РГ-7 АТР), 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ (РГ-6), 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ (АКМ, 7.62 мм), 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց (Тадиран ПНР-500), 2 հակատանկային ական (ТМ-57), 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական (МОН-50), 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:

Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել է նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:

Ադրբեջանական APA-ն իր հերթին գրում է, որ «Տերտերի ու Աղդամի շրջանում վիրավորներված զինծառայողներին 2 ուղղաթիռով տեղափոխել են Բաքվի զինհոսպիտալ»։

Մարտակերտի ուղղությամբ դիվերսիային դիմակայության ընթացքում հայկական կողմը կորուստ է տվել՝ զոհվել է ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը: Ավելի ուշ Արցախի նախագահի հրամանով հայ զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Մինչև այդ, Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները: