3 օգոստոսի 2014 - 22:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԼՂՀ ՊՆ․ 40 հայ զոհի մասին լուրերը սուտ են՝ դա սպանված ադրբեջանցիների թիվն է

Արցախի ՊՆ-ն հերքում է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված40 հայ զինծառայողի մասին ադրբեջանցիների հաղորդագրությունը:

Մասնավորապես, ինչպես գրել էր APA-ն,«մեր (ադրբեջանցի - խմբ․) զինվորականները, հանկարծակի հարձակվելով, 5 վրան ու հայ հատուկ ջոկատայինների տրամսպորտային միջոցներեն ոչնչացրել։ Փոխանցվում է, որ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ընդհանուր առմամբ 40 մարդ է կորցրել։ Մարտերում զոհվել է Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող»։

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն ապատեղեկատվություն ու մտացածին երևակայության արգասիք է, և հակառակորդի պետական քարոզչամեքենան հերթական անգամ փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Ավելին, նշված 40 զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը վերաբերում է հենց ադրբեջանական կողմին, ինչը վերջինիս ռազմական ղեկավարության արկածախնդիր, անհաշվենկատ ու չհիմնավորված մարտավարությանարդյունքն է:

ՊԲ առաջապահ զորամասերը ԼՂՀ պետական սահմանի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և հարկ եղած դեպքում պատժիչ գործողություններով շոշափելի կորուստներ պատճառում հակառակորդին:

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալներով` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է 893 անգամ, որից 839-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Բարմենի Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:

Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

ՖՈՏՈՇԱՐՔ