5 օգոստոսի 2014 - 11:44 AMT
Շվեդիայի ԱԳ նախարարը մտահոգ է շփման գծում իրավիճակով. Լարվածության աճը նպաստում է անկայունությանը

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը գրառում է կատարել Twitter-ում հակամարտության գոտում լարվածության սրացման կապակցությամբ: «Լարվածության աճն ու զոհերի ավելացումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև նպաստում է լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- գրել է նա:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն է արդել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական Փարիզը մտահոգված է բռնության դեպքերի աճով Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին, որոնք մարդկային կորուստների պատճառ են դարձել:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով: «Ֆրանսիան կոչ է անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ու հետագա միջադեպերը կանխելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես օգոստոսի 4-ին հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, թեև իրավիճակը սահմանին լարված է, վերջին օրերի միջադեպերի վերլուծությունները ցույց են տալիս՝ լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա: Նա ասել է, որ Ադրբեջանի ղեկավարության խղճին են ծանրանում երկու կողմերի կրած կորուստները, ինչպես նաև այն, որ «8-10 անգամ ավելի մեծ կորուստներ տալով, նրանք պատասխան չեն տալիս մարդկանց ճակատագրերի համար»:

Խոսելով դիրքեր մեկնած կամավորների մասին, նա նշել է, որ դա արվել է զինվորներին մարտական ոգի հաղորդելու համար, իսկ այս պահի դրությամբ հայկական բանակն իր ուժերով, առանց համալրումների կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրն ու հուժկու պատասխան հարվածներ հասցնել հակառակորդին։

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11․495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12-ը` ղարաբաղյան հատվածում, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

Օոստոսի 4-ին, հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է 1971-ին ծնված կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։

Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։

Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր: