5 օգոստոսի 2014 - 16:55 AMT
Ադրբեջանի ՊՆ-ն հասցնում է միայն հերքել իր իսկ ԶԼՄ-ներին. Բանակն ու տեխնիկան դեպի Աղդամ ու Ֆիզուլի չեն շարժվում

Ադրբեջանական ԶԼՄ-ները կարծես մրցում են միմյանց հետ՝ թե ով ավելի անհավանական տեղեկություն կհրապարակի ադրբեջանական բանակի «փառապանծ հաղթանակների» մասին:

Նախօրեին՝ օգոստոսի 4-ին, որոշ այդ երկրի ԶԼՄ-ներ հաղորդագրություն տարածեցին, իբր «ադրբեջանցիները գրավել են Աղդամն ու Ֆիզուլին»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապեց հերքել տեղեկատվությունը՝ այն «անհիմն ասեկոսեներ» անվանելով:

Այսօր՝ օգոստոսի 5-ին, մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել «Աղդամի և Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին»: Մեկնաբանելով այս հրապարակումները՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, որ «հակամարտության գոտում զորքերի տեղաշարժի մասին ցանկացած տեղեկատվություն կզետեղվի պաշտպանական գերատեսչության պաշտոնական էջում», որտեղ, բնականաբար, նման տեղեկատվություն չկա:

«Ցանկացած այլ հաղորդագրություն պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում»,- ասել է Դարգյախլին:

Միևնույն ժամանակ haqqin.az կայքը հայտնել է, որ իր աղբյուրներն Ադրբեջանի ՊՆ-ում հերքել են ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին տեղեկությունները:

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության օպերատիվ տվյալների` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց: Հայկական կողմը տուժածներ չունի:

ՊԲ օպերատիվ տվյալներով, օգոստոսի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի հրադադարը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11 495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12-ը` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

Օգոստոսի 4-ին հակառակորդի դիպուկահար կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է 1971-ին ծնված կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։

Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր: