6 օգոստոսի 2014 - 11:22 AMT
Սեյրան Օհանյանը՝ 20-ից ավելի դիվերսիայի, նախագահների հանդիպման ու ՀԱՊԿ-ի մասին (թարմացված)

Վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով՝ հասարակության ճնշումների ներքո, չեն կարող բացահայտվել այն մարտական խնդիրները, որ իրականացնում են հայկական Զինված ուժերը:Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Այն զինվորներն ու սպաները, որ քաջաբար զոհվեցին, մեր պահապաններն են: Մենք նրանց չենք կորցրել, այլ գտել ենք հասարակության մեջ, գտել այն հերոսներին, ում գործողությունների շնորհիվ կարողացանք պահպանել հայի ձեռքբերումները և ոչ մի նահանջ չունեցանք մեր մարտական դիրքերից»,- նշել է Սեյրան Օհանյանը, գրում է «Ռազմ․info»-ն։

Նախարարն անդրադարձել է նաև առաջիկայում երկու նախագահների հնարավոր հանդիպմանն ու առաջնագծում իրավիճակի վրա դրա ազդեցությանը:

«Լարված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանը քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ փորձում է լարվածություն ստեղծել, ինչպես նաև բարձրացնել իր ստորաբաժանումների մարտական ոգին: Այս հանդիպումները հնարավորություն կտան երկխոսության միջոցով եզրեր գտնել: Իսկ մինչև հանդիպումը հակառակոդի ղեկավարությունը կփորձի լարված պահել իրավիճակն առաջնագծում և հանդիպումից հետո էլ քիչ հավանական է, որ հրադադարի պահպանման ռեժիմն ամբողջությամբ կպահպանվի: Մանավանդ ՊԲ-ն այս ընթացքում պետք է բարձրացնի իր զգոնությունը, ինչը նրանք ցույց են տալիս: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր հարձակման»,- ընդգծել է նախարար Օհանյանը:

Օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է օգոստոսի 8-9-ին հանդիպեն Սոչիում, որտեղ կբանակցեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել էր նաև Կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներինն է։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով էլ, Սոչիում Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, և, հավանաբար, կքննարկվի նաև ղարաբաղյան թեման:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին բանակցությունները նոյեմբերին էին՝ Վիեննայում։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարները չէին հանդիպել մոտ երկու տարի:

Վերջին սրացումների համար ՀԱՊԿ-ին դիմելու և աջակցություն խնդրելու մասին նախարարը նշել է, որ դրա կարիքն առայժմ չկա:

«ՀԱՊԿ-ին կարող ենք դիմել այն ժամանակ, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն: Այսօր Ադրբեջանի հետ մենք որևէ խնդիր չունենք»,- ասել է նախարարն ու հավելել՝ շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի թափված արյան համար պատասխանատու Ադրբեջանին, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին շրջանառվող լուրերին` նախարար Օհանյանը նշել է, որ Արցախը գրեթե միակ հակամարտող գոտին է, որտեղ առանց երրորդ ուժի պահպանվում է հարաբերական զինադադարի պայմաններն ու խաղաղապահների տեղակայման կարիք այսօր չկա, քանի որ «մեր ուժերով կարող ենք լուծել բոլոր խնդիրները»։

Ինչ վերաբերում է ազատամարտիկների հավաքագրմանը, Սեյրան Օհանյանը նշել է, որ նրանք միշտ լինելու են հայկական ԶՈւ շարքերում, պաշտպանելու են հայրենիքը։ Նա կարևորել է ազատամարտիկների շփումը զինծառայողների հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ առայժմ մեր բանակը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրը:

Օգոստոսի 5-ին Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունը պատրաստակամությունն էր հայտնել կամավորական հիմունքներով` 350-400 ազատամարտիկով, ՀՀ Տավուշի մարզում երթ կազմակերպել ու հերթապահություն իրականացնել: Թույլտվություն ստանալու համար միությունը դիմել էր Հայաստանի պաշտպանության նախարարություն:

Օգոստոսի 3-ին Բերձորից ավելի քան 100-հոգանոց կամավորների խումբ էմեկնելԱրցախի դիրքեր: Խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում կմասնակցեն մարտական գործողություններին: Մեկնելուց առաջ նրանք ապահովվել են զինվորական համազգեստով և սնունդով:Նույն օրն Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ Մարտակերտից մեկնել են դիրքեր՝ առաջնագծում իրենց փորձով ու խորհուրդներով օգտակար կիսվելու դիրքապահների հետ:

Նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, բայց այսօրվա ռազմական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը ցածր է:

«Թեև, որ սկսվի` մենք պատրաստ ենք»,- հավելել է Սեյրան Օհանյանը:

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության օպերատիվ տվյալների` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց: Հայկական կողմը տուժածներ չունի:

ՊԲ օպերատիվ տվյալներով, օգոստոսի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի հրադադարը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11 495 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12-ը` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

Օգոստոսի 4-ին հակառակորդի դիպուկահար կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է 1971-ին ծնված կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը:

Հուլիսի 28-ից` օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։

Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավոր:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր: