6 օգոստոսի 2014 - 14:55 AMT
Բաքվի ոճը. Սադրելով ու դիվերսիաների դիմելով՝ Երևանի համար պատժամիջոցներ պահանջել

Ադրբեջանն, արբեցած իր անպատժելիությամբ, կոչ է անում համաշխարհային հանրությանը դիտարկել Հայաստանի դեմ «պատժամիջոցներ սահմանելու» հարցը: Օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրությունը, ավանդաբար ելնելով «ժողովրդավարության» իր սկզբունքներից, սահմանափակվում է միայն հրադադարը պահպանելու և իրավիճակը չսրելու անհասցե կոչերով, Ադրբեջանը որոշել է ավելի հեռուն գնալ ու պահանջում է պատժել հայկական կողմին, որը պաշտպանվում է ագրեսիվ հարևանից:

Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով հանդես է եկել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը: Բնականաբար, չեն հիշատակում Հայաստանի սահմանամերձ գյուղերի մշտական գնդակոծություններն ադրբեջանական կողմից, արդեն մշտական բնույթ կրող ադրբեջանական դիվերսիաները, որոնք մարդկային զոհերի պատճառ են դառնում, հրադադարի ռեժիմը պահպանելու բոլոր կոչերի անտեսումը:

Ադրբեջանի այս գործողությունները միանգամայն համահունչ են ստոր մարդու հավաքական կերպարի վարքագծին, որը, ստորություն անելով, դեմքի անմեղ արտահայտությամբ պահանջում է այդ արարքի համար պատժել իր հակառակորդին:

Հուլիսի 28-ից` օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։

Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայիններն օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման հերթական փորձը։ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը, տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

ՊԲ օպերատիվ տվյալներով, օգոստոսի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի հրադադարը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության օպերատիվ տվյալների` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց: Հայկական կողմը տուժածներ չունի:

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11 495 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12-ը` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին: