8 օգոստոսի 2014 - 11:48 AMT
Կուլիկովյան ճակատամարտից մինչև Սոլժենիցին. Հաստատվել են միգրանտների համար Ռուսաստանի պատմության քննության հարցերը

Օրինական կարգով աշխատանքի ընդունվելու համար աշխատանքային միգրանտները, սկզբից ըստ ցանկության, հետո պարտադրաբար, ստիպված կլինեն Ռուսաստանի պատմության թեստ հանձնել: Ինչպես հայտնել են Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանից, որը մշակել է քննական նյութերը ՌԴ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ, պատրաստվել է թեստերի 5 տարբերակ՝ յուրաքանչյուրում 20 հարց: Հարցերի վերջնական ցանկը հաստատվել է կրթության ու գիտության նախարարության և Դաշնային միգրացիոն ծառայության կողմից: «Ընդհանուր առմամբ նախապատրաստվել է 100 հարց պատմությունից: Սեպտեմբերի սկզբին հարցերը կզետեղվեն Ռուսական թեստային կոնսորցիումի կայքում,-հայտնել են համալսարանում:-Միգրանտներին հասանելի կլինեն բոլոր հարցերը, նույնիսկ ճիշտ պատասխանների նշումով: Վերջնական քննական տարբերակներում հարցերի կարգը կտարբերվի կայքում հրապարակվածից»:

Ինչպես պարզաբանել են համալսարանում, սեպտեմբերի 1-ից միգրանտները կարող են հանձնել պատմության թեստն ըստ ցանկության: Սակայն 2015 թ. հունվարի 1-ից թեստը հանձնելու մասին հավաստագիրը պարտադիր կլինի աշխատանքի ժամանակավոր թույլտվության կամ օրինական կերպով աշխատանքի տեղավորվելու համար: «Գնահատման չափանիշները դեռ հաստատված չեն: Ցանկացողները նաև հնարավորություն կունենան կրկին անգամ հանձնելու թեստը»,հայտնում է «Իզվեստիան»:

Թեստի տարբերակներից մեկի համաձայն, յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար 3 տարբերակ կառաջարկվի, որից մեկը ճիշտ կլինի: 5 հարց նվիրված կլինի պատմական տարեթվերին՝ օրինակ, որ թվականին է եղել Կուլիկովյան պատերազմը, Մեծ Հայրենականի տարեթվերը, որ թվականին է ստեծվել ԱՊՀ-ն:

Մյուս 5 հարցերը կպարզեն, թե որքանով են միգրանտներին ծանոթ Ռուսաստանի պատմական դեմքերը: Օրինակ, քննվողին կառաջարկվի նշել, թե Իվան IV-ին ինչպես են անվանել՝ Խաղաղ, Ահեղ թե Ազատագրիչ: Հարց կա այն մասին, թե ով է քիմիական տարրերի աղյուսակի հեղինակը՝ Լոմոնոսովը, Պոպովը թե Մենդելեևը:

Միգրանտներին կհարցնեն թե ով է եղել Ռուսաստանի վերջին կայսրը և ում են նախագահ ընտրել 2008-ին, կխնդրեն անվանել գրականության Նոբելյան մրցանակակրին՝ Սոլժենիցին, Գագարին թե Այթմատով:

Միգրանտներին հարկ կլինի պատասխանել այն հարցին, թե ինչ փաստաթուղթ է ընդունվել Ռուսաստանում 1993 թ.՝ Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագիրը, ՌԴ Սահմանադրությունը թե ՌԴ Կոմկուսի ծրագիրը: Առավելագույն միավորներ ստանալու համար միգրանտներն, օրինակ պետք է իմանան, թե որ տարածքում է ստեղծվել հին ռուսական պետությունը՝ Արևմտյան, Արևելյան Եվրոպայի թե Կենտրոնական Ասիայի տարածքում, որ ճակատամարտն է բեկումնային համարվում Մեծ Հայրենականում և այլն:

Ավելի վաղ Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան հայտարարել էր, որ աշխատանքային միգրանտներն արդեն սեպտեմբերի 1-ից կկարողանան ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության ու ռուսական օրենսդրության քննություն հանձնել:

Ըստ նրա, քննությունը սխալվելու իրավունք է նախատեսում: Ռուսաստանի պատմության թեստը բաղկացած կինի ընդամենը 20 առաջադրանքից, այսինքն, 8 ճիշտ պատասխանը բավարար կլինի այն հաջողությամբ հանձնելու համար: Նույն կանոնն է գործում նաև ՌԴ օրենսդրության թեստի դեպքում: Առավելագույն տևողությունը չի գերազանցում 2,5 ժամը:

«Չնայած նրան, որ Միգրացիայի դաշնային ծառայությունը հավաստագրերն ընդունելու է 2015-ի հունվարի 1-ից, քննությունները կարելի է շուտ հանձնել: Սա արվում է, որ տարեսկզբին փաստաթղթերի ընդունման հետ խնդիրներ չծագեն»,- ասել է Դոլժիկովան: Նա նշել է, որ քննությունը բաղկացած է լինելու երեք մոդուլից` ռուսաց լեզվի, պատմության ու օրենսդրության:

«Քննությունները կարելի է հանձնել 385 կենտրոններից մեկում, որոնք հիմնականում գործելու են բուհերի հենքի վրա: Անհրաժեշտության դեպքում դրանց թիվը կավելանա»,- հայտնել է ՌԴ կրթության ու գիտության փոխնախարար Վենիամին Կագանովը: Նա նշել է, որ քննությունը լինելու է վճարովի, սակայն ոչ շատ թանկ: «Միջոցներն ուղղվելու են բուն գործընթացի կազմակերպմանը ուսումնական հաստատություններում»,- մանրամասնել է Կագանովը: «Քննության արդյունքների մասին տեղեկատվությունը տեղադրվելու է հատուկ բազայում: Բուն հավաստագրերը ուժի մեջ կլինեն 5 տարի»,- ասել է փոխնախարարը:

Ըստ ՌԴ ԴՄԾ, Ռուսաստանում 2014-ի մայիսին կար ՀՀ 502 994 քաղաքացի: 2013-ին ՌԴ-ում գտնվում էր 677 հազար քաղաքացի: Հայերը հիմնականում բնակվում են Մոսկվայում, Վլադիկավկազում ու Կրասնոդարի մարզում: