Իրանում օգոստոսի 10-ի առավոտյան կործանվել է Sepahan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Թեհրանից ուղևորվում էր արևելքում գտնվող Տաբաս քաղաք։ Այն ընկել է մայրաքաղաքից 5 կմ հեռավորությամբ օդ բարձրանալուց մի քանի րոպե անց, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ «Իրնա» գործակալությանը հղումով։
Ըստ տեղեկության, ինքնաթիռում 40 ուղևոր է եղել, որոնցից 7-ը՝ երեխա, ու անձնակազմի 8 անդամ։ Իրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։
Նախ գործակալությունները տեղեկացրել են, թե ինքնաթիռում բոլոր գտնվողները զոհվել են։ Այնուհետև «Իրնա»-ն տեղեկացրել է, թե 9 մարդ փրկվել է․ զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ երեխաները։ Այնուամենայնիվ, ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, փրկվածները երեքն էին, որոնք հիվանդանոցի ճանապարհին մահացել են։
Նախնական տեղեկություններով, ավիավթարի պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչի տեխնիկական անսարքությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ինանթիռի օդաչուն ուկրաինացի էր։
Լայների կործանման վայրի մոտակայքում 3-ից՝ 7 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է «Ֆարս»-ը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների, խոսքն Իրանում հավաքված ինքնաթիռի՝ Iran-140-ի մասին է, որի արտադրության լիցենզիան Իրանը 2001-ին գնել է Ուկրաինայից։ Դրանք հավաքում է իրանական HESA ընկերությունը։ Sepahan Airlines-ը նման 5 ինքնաթիռ ունի։