11 օգոստոսի 2014 - 12:27 AMT
ՀՀ ղեկավարը՝ ՀԱՊԿ-ի լռության ու խաղաղապահների տեղակայման մասին (թարմացված)

Հուլիսի վերջից հայ-ադրբեջանական պետական սահմանին ծավալվող միջադեպերի ժամանակ փորձագետները նշում էին ՀԱՊԿ-ի լռությունը: Հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն այդ ընթացքում որևէ կերպ չի արձագանքել, նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ չի կարծում ՝ դրա անհրաժեշտությունը կար: Ըստ նրա, ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով:

«Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Այդ ընթացքում այս հարցերը նաև նրան ուղղելու հնարավորություն կլինի»,- ասել է նախագահը՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ համոզված է, որ դրա անհրաժեշտությունը չկար:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե որևէ մեկը մտածում է, թե ՀԱՊԿ-ի արձագանքելու դեպքում ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին գնդակոծությունները, ապա նրանք սխալվում են: «Ինչ վերաբերում է, առհասարակ, ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա այն հայտնած է 2012-ի փաստաթղթի մեջ, և այդ փաստաթուղթն իր ուժը չի կորցրել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է»:

Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը նույնպես անդրադարձել էր վերջին սրացումների համար ՀԱՊԿ-ին դիմելու և աջակցություն խնդրելուն՝ նշելով, որ դրա կարիքն առայժմ չկա:

«ՀԱՊԿ-ին կարող ենք դիմել այն ժամանակ, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն: Այսօր Ադրբեջանի հետ մենք որևէ խնդիր չունենք»,- ասել էր նախարարն ու հավելել՝ շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի թափված արյան համար պատասխանատու Ադրբեջանին:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների (մասնավորապես՝ ռուս) հնարավոր տեղակայման մասին խոսակցություններին, Սերժ Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է լսում միայն ռուս խաղաղապահների մասին.

«Ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ամբողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի՝ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՝ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն:

Սեյրան Օհանյանն ավելի վաղ ևս անդրադարձել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին շրջանառվող լուրերին: Նախարար նշել էր, որ Արցախը գրեթե միակ հակամարտող գոտին է, որտեղ առանց երրորդ ուժի պահպանվում է հարաբերական զինադադարի պայմաններն ու խաղաղապահների տեղակայման կարիք այսօր չկա, քանի որ «մեր ուժերով կարող ենք լուծել բոլոր խնդիրները»։

Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրին 2007-ին: Հետագայում համանախագահ երկրների ղեկավարները մի շարք համատեղ հայտարարություններով ներկայացրել էին առաջարկների մեջ ներառված սկզբունքներն ու տարրերը: Մասնավորապես, այդ թվում են Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի առկայությունը, ԼՂ վերջնական կարգավիճակի սահմանումը՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, ներքին տեղհանվածների և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայր վերադառնալու իրավունքը, ԼՂ շրջակա տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, և խաղաղապահ գործողություն ներառող անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը:

Միջնորդները, ինչպես նաև ՄԽ համանախագահները, իրենց հայտարարություններում բազմիցս պնդել են, որ ներկայացված սկզբունքներն ու կարգավորման հիմնական տարրերը մշակված և մտածված են որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշիռ լուծմանը հասնելը:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Նախագահն անդրադարձել է նաև Չինարիի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու և գերության մեջ մահանալու փաստին՝ նշելով, որայդ մահն ադրբեջանցիների խղճին է, և դրա պատասխանատուն, իհարկե, նրանք են:

«Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, այն անլուրջ վերաբերմունք չի ընդունում: Հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու՝ զայրացած, գազազած թշնամու հետ»,- նշել է նախագահը:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծամահ էր եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։

Մահվան նախօրեինԱդրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին էր, քաղաքացիական անձ։