11 օգոստոսի 2014 - 17:11 AMT
Նախագահը՝ ՀԱԷԿ-ի ու Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին

Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն օգոստոսի 9-ին երկկողմ հանդիպմանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Նախագահ Սարգսյանի խոսքով, խոսել են հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին, հարցերի, որոնք մտահոգում են հանրությանը՝ ատոմակայանի շահագործման երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից (որը բավականաչափ մեծ՝ 15% դրամաշնորհային էլեմենտ է ենթադրում), վերջացրած՝ ԵՏՄ պայմանագրին միանալու ժամկետների և պայմանների մասին, ավարտած՝ ռազմատեխնիկական գործակցության խնդիրներով:

Մայիսի 29-ին Մինսկում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքում արդյունքով վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ պայմանավորվել են ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ վերցնել:

Ինչպես օգոստոսի 8-ին տեղեկացրել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, վերականգնման և ժամկետների երկարացման աշխատանքները նախատեսում են սկսել 2017-ին, այնուհետև 2017-ի գարնանն ատոմակայանը 6 ամիս կկանգնեցվի կապիտալ վերանորոգման, որի ընթացքում հիմնավոր կվերանորոգվի՝ շահագործման աշխատանքները մինչև 2026-ը երկարացնելու նպատակով:

«Պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս արդեն կտեսնենք նաև արդյունքները»:

Անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը, նախագահը նշել է, որ չի կարծում, թե այն այս տարի չի ստորագրվի:

«Կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն»,- եզրափակել է նախագահը:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, անդրադարձել նաև երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու հումանիտար փոխգործակցությանը։

Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, քանի որ դրանք բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթի են, ինչի մասին են վկայում են նաև Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը։

2013-ի հոկտեմբերի 24-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հաստատվել էր Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել էին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից:

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսի 7-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Պայմանագիրը կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հավանության է արժանացել նաև ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը:

Միությանը միանալու մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնել էր, որ միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: