12 օգոստոսի 2014 - 11:40 AMT
Գրոհայինները գազի հրթիռներ են արձակել Հալեպի Նոր Գյուղ թաղամասի վրա. 3 հայ է զոհվել, կան վիրավորներ

Սիրիացի գրոհայինները գազի հրթիռներ են արձակել Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասի վրա: Պայթյունի արդյունքում կան զոհեր՝ Մելքոն Պալյանը, նրա եղբայր Ժիրայր Պալյանը և Հարություն Սարգսյանը: Կան նաև վիրավորներ, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Գանձասար» թերթը:

Ըստ պարբերականի, օգոստոսի 9-ի հրթիռակոծությունը նաև մեծ նյութական վնաս է պատճառել:

Հունիսին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նախաձեռնեց #SaveAleppo արշավը: Սիրիական այդ քաղաքի հայ բնակչությունը, որը քաղաքի բնակիչների մեկ չորրորդն է կազմում, վերջին օրերին գնդակոծվում է զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածել են աղետի գոտու:

ANCA-ն կոչ է անում հեռաձայնել կամ գրել նախագահ Օբամային և կոչ անել անհապաղ միջամտել. առաջինը, դադարեցնել Հալեպի քրիստոնեական թաղամասերի ռմբակոծությունները, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, և երրորդը՝ պատասխանի վերջապես ANCA-ի հարցմանը Քեսաբի վրա Թուրքիայի հարձակման դերի մասին:

Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել, հասցեագրված Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար Նոր Գյուղի հայ բնակչության բնաջնջումը:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Photo: The Times