Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել միանալու Լուգանսկին տրամադրվող միջազգային հումանիտար օգնության առաքելությանը: Այս մասին հայտնել է Գրուզիա Online-ը նախագահի մամուլի ծառայության վրա հղումով:
Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանը հասկանում է Ուկրաինայում տիրող իրավիճակի ողջ բարդությունը, քանի որ անցյալում ևս դարձել է ՌԴ ագրեսիայի օբյեկտ:
Վրաստանի նախագահը նաև մտահոգություն է հայտնել Դոնբասում տիրող իրավիճակի վերաբերյալ և խնդրել է վրաց ժողովրդի անունից ցավակցել Ուկրաինայում մարդկային զոհերի կապակցությամբ: Նա նաև նշել է, որ Վրաստանն ամբողջապես սատարում է Ուկրաինային տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համար պայքարում: Պյոտր Պորոշենկոն իր հերթին ուկրաինացի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Գեորգի Մարգվելաշվիլիին աջակցության համար:
Մինչդեռ, ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, հումանիտար բեռներով Ռուսաստանի ավտոշարասյունը, որին ուղեկցում է ԱԻՆ-ը, ժամանել է Վորոնեժ, որտեղից կշարունակի ճանապարհը դեպի Ուկրաինա:
Շարասյունը բաղկացած է 280 բեռնատարներից: Նրանք տանում են դեղորայք, սննդամթերք, դիզելային գեներատորներ ծանր վիճակում հայտնված մարդկանց համար: Օգնությունը հավաքել են Մոսկվայի և Մոսկովյան շրջանի բնակիչները: Օգոստոսի 12-ին ՌԴ ԱԳՆ-ն նոտա ստացավ Ուկրաինայի ԱԳ նախարարությունից՝ օգնությունն ընդունելու պատրաստակամությամբ:
Ինչպես հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան հաշվի է առել ուկրաինական կողմի բոլոր նկատառումները, ներառյալ երթուղին, որն առաջարկել է Կիևը, չնայած, որ դա ենթադրում է, որ հարկ կլինի մեծ շրջադարձ անել:
Նախարարը նաև հայտնել է, որ Ուկրաինան հրաժարվել է վերաբեռնել ամբողջ բեռը իր տրանսպորատյին միջոցների վրա սահմանին զննելուց հետո: Բանակցությունների ընթացքում կար նման առաջարկ:
Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները երաշխավորել են ռուսական հումանիտար առաքելության անվտանգությունն իրենց կողմից վերահսկվող տարածքում:
Ավելի վաղ Ուկրաինան և Արևմուտքի երկրների կառավարությունները դեմ էին Ռուսաստանի մասնակցությանը նման գործողությանը՝ կասկածելով, որ դա կարող է քողարկում լինել անջատողականներին անմիջական ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով: Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ցանկացած միջամտություն «հումանիտար» օգնության պատրվակով, կարող է իրականացվել միայն Ուկրաինայի կառավարության հետ համաձայնեցնելուց հետո և Կիևի թույլտվությամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն իր հերթին ասել է, որ միանգամայն հավանական է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի արևելք: Ինչպես ասել է Ռասմուսենը «Ռոյթերս» գործակալությանը, դաշինքում չեն տեսնում, որ Մոսկվան հետ է քաշել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից: Ավելի վաղ դաշինքը բազմիցս է հայտարարել Ուկրաինային սահմանակից ՌԴ շրջաններում ռուսական զորքերի մեծ կուտակումների մասին:
Իր հերթին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը գտնում է, որ ռուսական հումանիտար շարասյունը կարող է Մոսկվայի կողմից Ուկրաինայում իր մշտական ներկայությունը հաստատելու փորձ լինել: