15 օգոստոսի 2014 - 13:42 AMT
Դատարանը պարտավորեցրել է Լևոն Հայրապետյանին ներկայանալ դատական նիստին՝ անկախ ինքնազգացողությունից (թարմացված)

Ձեռներեց ու բարերար Լևոն Հայրապետյանն, որին մեղադրում են յուրացման ու փողերի լվացման մեջ, Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվել է մասնակցել դատական նիստին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Ես ինձ շատ վատ եմ զգում և հազիվ եմ այստեղ հասել: Կողքիս բժիշկն է ներարկիչով կանգնած: Ես վստահում եմ փաստաբաններիս և կարծում եմ, որ առանց ինձ էլ գլուխ կհանեն»,-ասել է Հայրապետյանը:

Իր հերթին փաստաբան Հենրի Ռեզնիկն ասել է, որ հիվանդությունը, որով տառապում է Հայրապետյանը, բարձր էմոցիոնալ լարվածության պայմաններում կարող է նոր նոպայի պատճառ դառնալ ու ծանր հետևանքներ ունենալ: Սակայն դատարանը որոշել է, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի, որը մասնակցում է նիստին տեսակապի միջոցով:

Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է ազատ արձակել Լևոն Հայրապետյանին և նրա կալանքը օրինական է ճանաչել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:Դատական նիստի ընթացքում Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել է, որ մեղադրյալն արդեն 65 տարեկան է և դա պատկառելի տարիք է: Բացի այդ, նա տառապում է մի շարք հիվանդություններով՝ սրտի ռիթմի խախտմամբ, քաղցկեղով և երկու անգամ ուղեղի կաթված է տարել: Պաշտպանությունը նշել է, որ Հայրապետյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է և կարող է ճակատագրական լինել:

Օգոստոսի 13-ին Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ: Քննվում էր Լևոն Հայրապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: Նա դատական նիստին մասնակցել է մեկուսարանից տեսակապի միջոցով: Իր ելույթում նա հայտարարել է, որ ապօրինություն է տեղի ունենում, այնուհետև ձեռքը դրել է սրտին և ասել է, որ իրեն վատ է զգում: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, պատրաստակամություն հայտնելով շարունակել նիստը, սակայն դատարանը որոշել է ընդմիջում հայտարարել մինչև օգոստոսի 15-ը:

Ինչպես բազմիցս է հայտարարել գործարարի պաշտպանությունը, Հայրապետյանը սրտի անկանոն աշխատանքի և արյան անոթների հետ կապված խնդիրներ ունի:

Դատարանում ներկա են եղել մոտ 100 հարզատներ ու բարեկամներ, նրանց համար, ում տեղ չի գտնվել դատարանի դահլիճում կազմակերպվել է հեռարձակում:

Լևոն Հայրապետյանի փաստաբանները խդրել են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին՝ նրա համար որպես երաշխավոր են ներկայացել մշակույթի գործիչներ Մարկ Զախարովն ու Ալեքսանդր Շիրվինդտը:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալեցին «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնեցին ձերբակալման մասին:

Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, գրում է «Ռոսբալտ» լրատվամիջոցը և ավելացնում, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան: Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա:

Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա: Լևոն Հայրապետյանի դատապաշտպանը մտադիր է վիճարկել ընտրված խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մակարյանը: «Բողոքարկելով մենք կմատնանշենք մի շարք պահեր, այդ թվում այն, որ Հայրապետյանի գործունեությունը ձեռնարկատիրական էր, այսինքն` ենթակա չէ կալանքի»,- ասել է փաստաբանը:

Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում:

«Նա չորս վիրահատություն է տարել և միայն Ռուսաստանում 9 անգամ ստացիոնար բուժում է անցել»,-ասել է փաստաբան Մարգարյանը:

Միջնորդությամբ հարցաքննվել է Հայրապետյանի բուժող բժիշկը, որը հաստատել է, որ անհրաժեշտ հսկողության ու ստացիոնարում կանոնավոր բուժման բացակայության դեպքում հիվանդը մահացու վտանգի է ենթարկվում: Փաստաբանը նշել է, որ գերատեսչական բժշկի տեղեկանքը, որը միայն արտաքինից է զննել նրան ու ճնշումը ճափել, ոչինչ չի ասում:

Որպես կալանավորման այլընտրանք փաստաբաններն առաջարկել են տնային կալանքի տարբերակն ու 30 մլն ռուբլի գրավը:

Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ:

Սակայն, մեկ ժամ խորհրդակցելուց հետո դատավոր Նատալյա Մուշնիկովան համաձայնվել է քննության հետ և գործարարին կալանքի տակ թողել: