29 մայիսի 2006 - 15:44 AMT
ԵԱՀԿ ՄԽ երկրների պատվիրակության նպատակն էր կարեւորել Քոչարյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր մակարդակի պատվիրակության այցը տարածաշրջան մի նպատակ ունի` կարեւորել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա այցը: Այդ մասին նախօրեին Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչները այցի ընթացքում չհանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ` Վ.Օսկանյանը հայտարարեց, թե հիմնական պատճառը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի բացակայությունն էր: «Ղուկասյանն այդ օրերին Մոսկվայում էր: Հակառակ դեպքում, նման հանդիպում տեղի կունենար, թեկուզ եւ Երեւանում»,-նշել է Վ.Օսկանյանը` հավելելով, որ պետք չէ այստեղ ինչ-որ մտադրություններ որոնել: Նա ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, հավանաբար, կհանդիպեն հունիսի 4-ին Բուխարեստում Երկխոսության եւ գործընկերության սեւծովյան համաժողովի շրջանակներում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: