16 օգոստոսի 2014 - 13:36 AMT
Իտալիան խորապես մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերով. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Իտալիայիարտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում վերջին զարգացումներին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հուլիսի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հռոմ կատարած այցելության առթիվ, Իտալիան և Ադրբեջանը պայմանավորվել են ընդունել համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և համագործակցության նոր հորիզոններ բացահայտել` ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով:

«Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի անդամ է Իտալիան և անվերապահ կիսում ու աջակցում է սկզբունքներին) համանախագահների հովանու ներքո ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանձնառությունը:

Իտալական կողմը, համահունչ իր ավանդական դիրքորոշմանը և ներդաշնակ ԵՄ դիրքորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, այդ թվում՝ Համատեղ հայտարարության համատեքստում, որ Հռոմի և Բաքվի փոխադարձ հանձնառությունը պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա» ասվում է հայտարարության տեքստում:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իտալիան, նկատի ունենալով վերջին զարգացումները, խորապես մտահոգված է միջադեպերով, որ վերջերս տեղի են ունեցել տարածաշրջանում և, սերտ համագործակցությամբ ԵՄ գործընկերների հետ, խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև` օգտվել նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպման հնարավորությունից հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու նպատակով:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջադեպերը չեն շարունակվի նույն ինտենսիվությամբ, քանի որ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվեցին: