20 օգոստոսի 2014 - 21:43 AMT
Կոնգրեսական Քլարքը դատապարտել է Ադրբեջանի սադրանքները. ԼՂՀ ժողովուրդն ապրում է մշտական սպառնալիքի ներքո

ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքը ելույթ է ունեցել` դատապարտելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական դիվերսիաների վերջին ալիքը:

«Ես խորապես մտահոգված եմ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Կարմիր Խաչի պատվիրակության և հայ քաղաքացիական անձանց վրա դիպուկահարների կրակի մասին հաղորդագրություններով: Չափազանց երկար ժամանակ է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում է ադրբեջանական ագրեսիայի մշտական սպառնալիքի ներքո: Բռնությունների այս արշավը խախտում է երկարատև զինադադարը և հանգեցնելու է միայն լրացուցիչ զոհերի: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել կենսունակ ժողովրդավար հասարակություն՝ հակառակ բոլոր դժվարությունների, և ես սատարում եմ նրանց Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցում»,- ասել է նա, գրում է Armenia Today-ը:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձ է տարածել, որտեղ կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: «Կրկին հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին: Ինչպես նշեց դեսպան Ուորլիքը՝ սա սառեցված հակամարտություն չէ: Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ լարվածության նվազեցման և հրադադարը հարգելու համար: Սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Հաշվեհարդարը և հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը:Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցը բախումները հենց հիմա դադարեցնելն է»,-հայտարարել է դեսպանը:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Photo: Patch.com