30 մայիսի 2006 - 15:28 AMT
Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին ռասիզմի դեմ պայքար մղել
Ռասիզմի ու անհանդուրժողության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) գտնում է, որ Ռուսաստանում բավական գործ չեն անում անհանդուրժողության, ռասայական ատելության դեմ պայքարի ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: «Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ երրորդ զեկույցում», որ հրատարակվել է 2006 թվականի մայիսին Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմնի կողմից, նշվում են մի շարք դրական տեղաշարժեր դիտարկվող շրջանում եւ քայլեր, որ արվել են հանդուրժողություն ու միջէթնիկական երկխոսություն ապահովելու համար:

Միեւնույն ժամանակ, ընդգծվում է, որ պետք է շտապ միջոցներ ընդունել այդ հարցի դեմ պայքարելու համար: Հանձնարարականները, որ կային ՌԱԵՀ 2001 թվականի նոյեմբերին լույս տեսած
նախկին զեկույցում, ասվում է փաստաթղթում, «կամ չեն իրականացվել, կամ էլ իրականացվել են մասամբ»:

Զեկույցի հեղինակների տվյալներով, երկրում ավելացել են հրեատեցության դեպքերը, ինչպես նաեւ ռասիզմը եւ ընդհանուր անհանդուրժողությունը: Աճել է ռասիզմի ծնունդ հանդիսացող բռնությունների թիվն ու անհանդուրժողական հայտարարությունների թիվը քաղաքականության մեջ:

«Ռասիստական հարձակումների զոհ են դառնում,- ընդգծվում է փաստաթղթում,- մեծամասամբ չեչենները ու Կովկասի ժողովրդի այլ ներկայացուցիչները, գնչուները, մեսխետցի թուրքերը, ԱՊՀ երկրների քաղաքացիները, աֆրիկացիները, ասիացիները, ինչպես նաեւ կրոնական փոքր խմբերը, այդ թվում հրեաները»,- ասվում է զեկույցում: Քրեական իրավունքը, որ ուղղված է ռասիզմի դեմ, հաճախ չի գործում, քանի որ հանցագործությունների ռասսիտական դրդապատճառները միշտ չէ, որ հաշվի են առնվում: Զեկույցում հատուկ նշվում է զանգվածային լրատվամիջոցնեորվ ազագմիջյան ատելություն սերմանելու փորձերի պատժելիության կարեւորությունը:

Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում սպանվել է 19-ամյա հայ Արթուր Սարդարյանը: Հարձակումը կատարվել է մերձմոսկովյան էլէեկտրագնացքում` «Կլյազմա» կայարանի շրջակայքում, դեռ մայիսի 25-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Երկու հարձակվողները դանակով հարվածը հասցրել են ետեւից պարանոցին` կտրելով քներակը, ապա 5 անգամ հարվածել են կրծքին` սրտի շրջանում: Դրանից հետո վթարային արգելակման համար նախատեսված ձգանի միջոցով կանգնեցրել են գնացքն ու անհայտացել: Ականատեսների խոսքերի համաձայն, հարձակվողները գոչում էին «Փա'ռք Ռուսաստանին»: Ապրիլի 22-ին հայազգի երիտասարդ Վիգեն Աբրամյանցը եւս սպանվել էր սափրագլուխների կողմից «Պուշինսկայա» կայարանի նախասրահում: