30 մայիսի 2006 - 15:31 AMT
Անհանդուրժողական տրամադրությունները ռուսական հանրությունում աճում են
«Ֆաշիզմի ու անհանդուրժողության աճի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում անուշադրության է մատնված, այն բարդանում է եւ, ինձ թվում է, շարունակելու է բարդանալ հետագայում եւս»,- հայտարարել է «Հանուն մարդու իրավունքների» համառուսաստանյան շարժման առաջնորդ Լեւ Պոնամարյովը: Նրա խոսքերով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ հիմա պաշտոնյաների առջեւ չի դրել անհանդուրժողության, ռասիզմի ու ֆաշիզմի դեմ պայքարի հարցը: «Անհանդուրժողական տրամադրությունները ռուսական հանրությունում միայն աճում են»,- նշել է Պոնոմարյովը:

Նրա խոսքերով, իշխանության ուղղահայացը այնպես է կառուցված, որ երկրի ղեկավարն իր վրա պատասխանատվություն է վերցրել երկրում կատարվող ամեն ինչի համար, եւ պաշտոնյաները կարգավորում են միայն այն հարցերը, որոնք նա նրանց առջեւ դնում է:

«Եվ այսպես, նախագահը մինչեւ հիմա նրանց առջեւ չի դրել անհանդուրժողության, ռասիզմի ու ֆաշիզմի դեմ պայքարի հարցը: Իշխանություններն ամեն կերպ խուսափում են ռասայական ատելության հիմքով քրեական գործեր հարուցելուց, փորձում են այդ ամենը թաքցնել, կարծես ցավակցում են ռասիստներին: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, որ ռասայական ատելություն են պրոպագանդում, ապա նրանց դեմ պետք է կտրուկ միջոցներ կիրառել, ինչը լրիվ ընդունելի է Ռուսաստանի դեպքում»,- ընդգծել է Լեւ Պոնոմարյովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: