21 օգոստոսի 2014 - 17:43 AMT
Թուրքերն ուզում են Երևանի մզկիթում նամազ անել. Ասում են` «իրենց պատմական հայրենիքն է»

Թուրքիայում Իգդիրի ՀԿ-ները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն` հայտնելով, որ ցանկանում են Երևանում գտնվող Կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել են արտգործնախարարություն թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև պահանջել, որ նախաձեռնությունը իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանագության երաշխիք ստանան:

Նախաձեռնության կազմակերպիչն այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (ASIMDER) կազմակերպությունն է:

Իգդիրում գործող ASIMDER կազմակերպությունը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորումը ստացվում է Ադրբեջանից:

Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը ասել, է թե «այն դեպքում, երբ թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է գործադրում, Հայաստանը այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի սա լավ առիթ է Հայաստանի համար` բացը լրացնելու»:

Գյուլբեյը ասել, է, որ Թուրքիայի հայկական համայնքն ազատ և անվտանգ միջավայրում իրականացնում է կրոնական ծիսակատարություններ և իրենք էլ ցանկանում են նույնը Երևանում անել, թուրքական Gundemelazig լրատվական կայքին հղումով գրում է Panorama.am-ը:

Իր խոսքում Գյուլբեյը պնդել է թե «Երևանն իրենց պատմական հայրենիքն է, որտեղից իրենց նախնիները բռնի տեղահանվել են»: Նրանք ցանկանում են նախաձեռնությունը իրականցնել սեպտեմբերի 5-ին:

Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական): Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը: Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև` ամենամեծը: